Քթից արտադրությունը, որը երկար ժամանակ ընկալվում էր միայն որպես հիվանդության տհաճ ախտանիշ, պարզվում է՝ իմունային համակարգի գործունեության ցուցանիշ է: Յորքի համալսարանի գիտնականները պարզել են, որ քթի լորձի գույնի և հյուսվածքի փոփոխությունները կարող են արտացոլել իմունային համակարգի յուրահատուկ գործընթացները՝ ցույց տալով նրա արձագանքը վիրուսներին, բակտերիաներին և այլ սպառնալիքների: Դրա մասին գրում է Conversation պորտալը։
Շնչառական ուղիների հյուսվածքների արտադրած ռնգային լորձը կարևոր պաշտպանիչ պատնեշ է, որը ծառայում է որպես փոշու, բակտերիաների, վիրուսների և այլ մանր մասնիկների յուրօրինակ թակարդ՝ դրանց թույլ չտալով ավելի խոր ներթափանցել օրգանիզմ։ Ավելին, քթի լորձը ոչ միայն մեխանիկորեն պահպանում է պաթոգենները, այլև ակտիվորեն ոչնչացնում է դրանք հակաբակտերիալ հատկություններով ֆերմենտների առկայության շնորհիվ:
Սակայն հիվանդության հետ փոխվում է այս համակարգի գործունեությունը. լորձը դառնում է ավելի խիտ, դրա քանակությունը մեծանում է և գույնը տատանվում է թափանցիկից մինչև կանաչ կամ նույնիսկ սև: Այդ փոփոխությունները պայմանավորված են իմունային բջիջների, մասնավորապես՝ վարակների դեմ պայքարող նեյտրոֆիլների ակտիվ աշխատանքով:
Մաքուր լորձը սովորաբար նկատվում է վիրուսային վարակի կամ ալերգիկ ռեակցիայի սկզբնական փուլերում: Եթե լորձը դառնում է դեղին կամ կանաչ, դա կարող է վկայել, որ օրգանիզմն ակտիվորեն պայքարում է վարակի դեմ: Կարմիր կամ վարդագույն լորձը վկայում է հյուսվածքների վնասման մասին, մինչդեռ սևը զգուշացնում է լուրջ խնդիրների, մասնավորապես՝ սնկային վարակի կամ աղտոտված օդի ազդեցության մասին:
Գիտնականները նշում են, որ լորձի հետազոտությունը հնարավորություն է տալիս ոչ միայն տարբերակել վիրուսային և բակտերիալ վարակները, այլև հասկանալ, թե ինչպես է օրգանիզմը դրանց հարմարվում։ Նրանք միաժամանակ հույս ունեն, որ ապագայում նման վերլուծությունը հասանելի ախտորոշիչ գործիք կդառնա, որը կօգնի ոչ միայն արագ ճանաչել վարակները, այլ նաև բուժման անհատական մոտեցումներ մշակել։






