Ձմռանը, երբ արեւի լույսի պակաս կա, շատ մարդիկ սկսում են վիտամին D ընդունել որպես հավելումներ՝ պակասը լրացնելու համար։ Սակայն Öko-Test ամսագրի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շուկայում առկա դեղամիջոցների մեծ մասը չափազանց բարձր չափաբաժիններ է պարունակում, ինչը կարող է վտանգավոր լինել առողջության համար։
Ռիսկերի գնահատման Գերմանիայի դաշնային ինստիտուտի (BfR) տվյալներով՝ վիտամին D-ի անվտանգ օրական նորմը 20 միկրոգրամից (800 միավոր) ավելին չէ, գրել է Bild-ը։ Փորձարկված 23 հավելումներից միայն չորսն են համապատասխանում այս առաջարկությանը: Որոշ դեղամիջոցներ պարունակել են մինչեւ 100 միկրոգրամ, ինչը հինգ անգամ գերազանցում է թույլատրելի նորմը։ Վիտամին D-ի ավելցուկն իր հերթին կարող է հանգեցնել սրտխառնոցի, ստամոքսի ցավի եւ նույնիսկ երիկամների հիվանդության։
Փորձագետներն ընդգծել են, որ վիտամին D-ն կարեւոր է ոչ միայն ոսկորների առողջության, այլ նաեւ իմունիտետի եւ նյութափոխանակության համար։ Սակայն առողջ մարդիկ, որոնք ամռանը բավական ժամանակ են անցկացնում արեւի տակ, դեղը լրացուցիչ ընդունելու կարիք չունեն։ Վիտամին D-ի պակասի վտանգը մեծ է տարեց մարդկանց եւ նրանց մոտ, ովքեր հազվադեպ են դուրս գալիս փողոց:
Վնասից խուսափելու համար բժիշկները խորհուրդ են տալիս վիտամին D ընդունել միայն սահմանված կարգով եւ չգերազանցել թույլատրելի չափաբաժինները։






