Ճապոնիայի Առողջության ազգային ինստիտուտի գիտնականները պարզել են դեղձի ինքնատիպ հատկությունները, որոնք կարող են դառնալ կարեւոր գործոն ծերանալու դեմ պայքարում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Asian Journal of Longevity Research (AJLR) ամսագրում։

Տոկիոյի բժշկական համալսարանի գերոնտոլոգիայի եւ սնուցման գծով առաջատար մասնագետ դոկտոր Կենզո Հաշիմոտոյի խոսքով՝ դեղձը պարունակում է նյութերի յուրահատուկ համակցություն, որը կարող է դանդաղեցնել մարմնի տարիքային փոփոխությունները:

«Դեղձը կենսաակտիվ միացությունների գանձարան է: Այն լուծվող եւ չլուծվող մանրաթելերի համադրությամբ հզոր պաշտպանիչ պատնեշ է ստեղծում օրգանիզմի համար»,- նշել է Հաշիմոտոն։

Հետազոտության ընթացքում գիտնականները պարզել են, որ դեղձի մեջ պարունակվող հակաօքսիդանտները, ներառյալ բետա-կարոտինը եւ պոլիֆենոլները, ընտրողաբար ոչնչացնում են քաղցկեղային բջիջները՝ չազդելով առողջ հյուսվածքների վրա: Այս նյութերի առավելագույն խտությունն ապահովվում է լիովին հասուն պտուղներում:

Մոդելային օրգանիզմների վրա անցկացված փորձերը ցույց են տվել, որ դեղձի էքստրակտի կանոնավոր օգտագործումը 23 տոկոսով ավելացնում է կյանքի տեւողությունը: Գիտնականները կարծում են, որ այս միրգը սննդակարգում ներառելը կարող է առողջ կյանքը երկարացնելու պարզ եւ արդյունավետ միջոց լինել։

Հետազոտությունն ընդգծում է հակաօքսիդանտների բնական աղբյուրների կարեւորությունը առողջության պահպանման գործում եւ նոր հեռանկարներ է բացում սնուցման եւ գերոնտոլոգիայի ոլորտներում: