ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի հետազոտությունները ցույց են տվել, որ ուղեղի բջիջները ծերանում են անհավասարաչափ, ընդ որում պրոցեսն ամենաարագը տեղի է ունենում հիպոթալամուսի շրջանում: Արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում։ Ինստիտուտի տնօրեն, դոկտոր Ռիչարդ Ջ. Նոր հետազոտության ընթացքում գիտնականները որոշել են պարզել, թե որ բջիջներն են առավել խոցելի: Գիտնականներն օգտագործել են առաջադեմ գենետիկական տեխնիկա երկու ամսական և 18 ամսական մկների ուղեղի բջիջները ուսումնասիրելու համար: Նրանք հետազոտել են ուղեղի 16 մեծ տարածքներ՝ ընդգրկելով դրա ընդհանուր ծավալի 35%-ը։ Արդյունքները ցույց են տվել, որ տարիքի հետ նվազում է նյարդային շղթաների հետ կապված գեների ակտիվությունը։ Սա նկատվում է ոչ միայն բուն նեյրոններում, այլ նաև գլիալ բջիջներում, ինչպիսիք են աստրոցիտները և օլիգոդենդրոցիտները, որոնք ապահովում են նյարդային ազդանշանները: Միաժամանակ մեծանում է իմունային պատասխանների և բորբոքումների հետ կապված գեների ակտիվությունը, հատկապես ուղեղի արյունատար անոթների բջիջներում։ Գիտնականները հատուկ ուշադրություն են դարձրել հիպոթալամուսին՝ ուղեղի առանցքային հատվածին, որը վերահսկում է մարմնի գործունեության հիմնական ասպեկտները, ինչպիսիք են քունը, ախորժակը, ջերմաստիճանը և նյութափոխանակությունը: Պարզվել է, որ ուղեղի երրորդ փորոքի շուրջ տեղակայված բջիջները ենթարկվում են տարիքային ամենանշանակալի փոփոխություններին։ Այստեղ մեծանում է իմունային պատասխանների համար պատասխանատու գեների ակտիվությունը, իսկ նյարդային կապերի հետ կապված գեների ակտիվությունը նվազում է։ Աշխատանքի արդյունքները հաստատում են նաև ուղեղի ծերացման և նյութափոխանակության կապը։ Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ կալորիականության սահմանափակումը կարող է դանդաղեցնել ծերացումը՝ ազդելով հիպոթալամուսի և նրա հորմոնալ գործունեության վրա: Գիտնականներն ընդգծում են, որ ավելի շատ հետազոտություններ են անհրաժեշտ այս գործընթացները և դրանց ազդեցությունը մարդու առողջության վրա ավելի լավ հասկանալու համար։ Սակայն արդեն պարզ է, որ այս տվյալները նոր հորիզոններ են բացում ուղեղի տարիքային հիվանդությունների կանխարգելման և բուժման մեթոդների մշակման համար։






