Ավստրալիայի Գրիֆիտի համալսարանի հետազոտողները բացահայտել են անսպասելի մեխանիզմ, որի դեպքում քթի վնասված հյուսվածքների միջոցով ուղեղ ներթափանցող բակտերիաները կարող են խթանել Ալցհեյմերի հիվանդությանը բնորոշ գործընթացներ: Աշխատանքը հրապարակվել է Scientific Reports ամսագրում:
Մկների վրա կատարված փորձերում գիտնականները պարզել են, որ թոքաբորբ առաջացնող Chlamydia pneumoniae բակտերիան ուղեղ է ներթափանցում հոտառական նյարդի միջոցով: Այս գործընթացն ուժեղանում է քթի խոռոչի հյուսվածքների վնասման դեպքում: Ի պատասխան վարակի՝ մկների ուղեղում սկսել են կուտակվել ամիլոիդ-բետա սպիտակուցներ, որոնց կուտակումները բնորոշ են Ալցհեյմերի հիվանդությանը: Թեև հետազոտությունը կատարվել է կենդանիների վրա, դրա արդյունքները մտահոգություն են առաջացնում մարդու համար հնարավոր ռիսկերի վերաբերյալ:
«Մենք առաջին անգամ ապացուցել ենք, որ Chlamydia pneumoniae-ն կարող է անմիջականորեն ներթափանցել ուղեղ քթի խոռոչի միջոցով՝ առաջացնելով Ալցհեյմերի հիվանդության նշաններին հատուկ ախտաբանական փոփոխություններ», - նշել է հետազոտության համահեղինակ դոկտոր Ջեյմս Սենթ-Ջոնը:
Չնայած մարդկանց վրա հետագա հետազոտությունների անհրաժեշտությանը, գիտնականներն արդեն խորհուրդ են տալիս խուսափել քթի մեջ փորփրելուց և մազեր պոկելուց, քանի որ այս սովորությունները կարող են վնասել քթի պաշտպանիչ հյուսվածքները:
Գիտնականների կարծիքով, իրենց հայտնագործությունն ընդգծում է նեյրոդեգեներատիվ հիվանդությունների զարգացման մեջ բակտերիաների և վիրուսների դերի ուսումնասիրման կարևորությունը: Այս ճանապարհին յուրաքանչյուր քայլ մարդկությանը մոտեցնում է Ալցհեյմերի հիվանդության նման բարդ խնդիրների հասկացմանն ու կանխարգելմանը:






