Ամերիկացի գիտնականները պարզել են, որ քնաբերները կարող են խաթարել ուղեղի մաքրման բնական գործընթացները, որոնք տեղի են ունենում քնի ժամանակ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell ամսագրում:
Այդ պրոցեսները կապված են գլիմֆատիկ համակարգի աշխատանքի հետ, մեխանիզմ, որը 2012թ. հայտնաբերել է նյարդաբան Մայկեն Նեդերգարդը: Գլիմֆատիկ համակարգը պատասխանատու է գլխուղեղից վտանգավոր սպիտակուցներ պարունակող ավելորդ ուղեղային հեղուկի հեռացման համար: Եթե նման սպիտակուցներ են կուտակվում, դա մեծացնում է նյարդաբանական հիվանդությունների, այդ թվում՝ Ալցհեյմերի հիվանդության առաջացման վտանգը։
Նեյրոմեդիատոր նորադրենալինը առանցքային դեր է խաղում համակարգի գործունեությունում: Քնի ժամանակ ուղեղը առաջացնում է նորադրենալինի ալիքներ, որոնք առաջացնում են արյան անոթների ցիկլային սեղմում եւ լայնացում՝ ստեղծելով մի տեսակ պոմպ ուղեղը մաքրելու համար:
Սակայն գիտնականները պարզել են, որ զոլպիդեմը՝ հայտնի քնաբեր դեղամիջոցներից մեկը, նվազեցնում է նորադրենալինի մակարդակը 50 տոկոսով։ Արդյունքում՝ խախտվում է քնի բնականոն կառուցվածքը, թուլանում է գլիալ արյան հոսքը, ճնշվում են ուղեղի մաքրման գործընթացները։
«Մենք ենթադրում ենք, որ այլ քնաբերներ եւս կարող են ունենալ նմանատիպ ազդեցություն, քանի որ դրանք ճնշում են նյարդային ակտիվությունը, ներառյալ նորադրենալինի արտադրությունը»,- ասել են հետազոտողները: Գիտնականները նաեւ մտահոգություն են հայտնել սերոտոնինի եւ նորադրենալինի ընտրովի ինհիբիտորների դասի հակադեպրեսանտների վերաբերյալ, որոնք կարող են նման ազդեցություն գործել գլիմֆատիկ համակարգի աշխատանքի վրա:






