Նոր հետազոտության համաձայն՝ տղամարդկանց մոտ գանգուղեղային վնասվածքից մահանալու հավանականությունը երեք անգամ ավելի բարձր է կանանցից։
Նոր հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են Brain Injury ամսագրում, գիտնականները հայտնաբերել են, որ 2021թ. ԱՄՆ-ում 100 հազար տղամարդուց մոտ 30-ը մահացել է գլխուղեղի վնասվածքից, իսկ կանանց շրջանում նույն պատճառից գրանցվել է 9 մահ։
Ինչպես ցույց են տալիս արդյունքները, հրազենի կիրառմամբ իրականացված ինքնասպանությունները, ոչ դիտավորյալ անկումները եւ ավտովթարները գանգուղեղային վնասվածքների հետ կապված մահերի առավել տարածված պատճառներն են եղել։
Գիտնականները նշել են, որ գանգուղեղային վնասվածքները վնասվածքների հետ կապված բոլոր մահերի մոտ մեկ քառորդի պատճառն են։ Ուղեղի առողջության ռիսկը՝ կապված ուղեղի կրկնակի ցնցումների հետ սպորտով զբաղվելու ժամանակ, գրավել է հանրության ուշադրությունն այդ խնդրի նկատմամբ, բայց գանգուղեղային վնասվածքների մահացու դեպքերն ավելի հաճախ տեղի են ունենում սովորական մարդկանց շրջանում։
Հետազոտությունն իրականացնելու համար գիտնականներն ուսումնասիրել են բնակչության բնական շարժի Վիճակագրության ազգային համակարգի տվյալները։ Համակարգը հետեւում է մահացությանն ԱՄՆ-ում եւ այդ մահերի պատճառները։ Գիտնականները հայտնաբերել են, որ 2021թ. ԱՄՆ-ում գրանցվել է ավելի քան 69 400 մահվան դեպք՝ կապված գանգուղեղային վնասվածքների հետ, օրական միջինը 190 դեպք։
Դա կազմում է յուրաքանչյուր 100 հազար մարդու հաշվով մոտ 19 դեպք, ինչը գրեթե 9 տոկոսով ավելին է, քան 2020թ.։
Հետազոտության արդյունքները նաեւ ցույց են տվել, որ 75 եւ ավելի բարձր տարիքի տարեց մարդիկ գանգուղեղային վնասվածքների հետ կապված մահացության ամենաբարձր ցուցանիշներն ունեն՝ ավելի քան 86 մահ յուրաքանչյուր 100 հազար մարդու հաշվով։






