Մոնրեալի համալսարանի գիտնականները պարզել են, որ երիկամների ֆիլտրման մակարդակի նվազումն ուղղակիորեն կապված է կոգնիտիվ ֆունկցիայի անկման հետ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Alzheimer's & Dementia (A&D) ամսագրում:
Հետազոտությանը մասնակցել է 16 հազար առողջ կամավոր։ Գիտնականները կենտրոնացել են հետազոտվողների երիկամների թնջուկային ֆիլտրման արագության եւ կոգնիտիվ ֆունկցիայի վրա դրա ազդեցության վրա: Արդյունքները ցույց են տվել, որ երիկամների ֆիլտրման ֆունկցիայի նվազումը կապված է ավելի վատ ճանաչողական աշխատանքի հետ: Ավելին, այս ազդեցությունը պահպանվել է՝ անկախ սեռից, կրթական մակարդակից, մասնակիցների մարմնի քաշից եւ նրանց սիրտ-անոթային համակարգի վիճակից։
Հետազոտության շրջանակում իրականացվել է նաեւ կամավորների գլխուղեղի կեղեւի մանրակրկիտ սքանավորում 50 հազար կետում։ Երիկամների ֆունկցիայի խանգարում ունեցող մասնակիցների մոտ նկատվել են ուղեղի աթրոֆիայի նշաններ, հատկապես ճակատային բլթերում: Այս պաթոլոգիական փոփոխությունները նման էին դեմենցիայով եւ Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող պացիենտների մոտ նկատված փոփոխություններին:
Գիտնականները ենթադրել են, որ երիկամների վնասումը կարող է հանգեցնել օրգանիզմում թունավոր նյութերի կուտակման, որոնք կխաթարեն ուղեղի աշխատանքը: Բացի այդ, դիաբետը, որը հաճախ երիկամների անբավարարության պատճառ է դառնում, նույնպես նպաստում է անոթների վատացմանը՝ սրելով խնդիրը։






