Հոնկոնգցի բժիշկները բախվել են եզակի դեպքի. 84-ամյա տղամարդը, որը միզուղիների հետ կապված խնդիրներ է ունեցել, բժիշկներին զարմացրել է իր մաշկի, աչքերի եւ եղունգների անսովոր արծաթամոխրագույն երանգով։ Գիտնականները պարզել են, որ պատճառը հազվագյուտ վիճակն է՝ արգիրիան, որն առաջանում է մարմնի հյուսվածքներում արծաթի կուտակումից։ Սակայն տղամարդու մարմին մտնող մետաղի աղբյուրը դեռ առեղծված է մնում։ Նյութը հրապարակվել է The New England Journal of Medicine (NEJM) ամսագրում:
Արգիրիան հազվագյուտ հիվանդություն է, որն առաջանում է մարմնում արծաթի կուտակման հետեւանքով: Դա կարող է հանգեցնել մաշկի կապտամոխրագույն տեսքի: Պատմականորեն արգիրիան նկատվել է արծաթի հետ սերտորեն կապված աշխատողների մոտ՝ ոսկեգործների եւ հանքագործների: Երբեմն դա պայմանավորված է արծաթ պարունակող դեղամիջոցների օգտագործմամբ, որոնք գովազդվում են որպես առողջության համար օգտակար՝ չնայած դրանց արդյունավետության մասին գիտական ապացույցների բացակայությանը։
Չնայած արտասովոր տեսքին՝ արգիրիան հազվադեպ է առողջության համար լուրջ վտանգ ներկայացնում: Արծաթը կարող է նվազեցնել որոշ հակաբիոտիկների եւ դեղամիջոցների արդյունավետությունը: Ցավոք, մաշկի մոխրագույն երանգից ազատվելն անհնար է, քանի որ կուտակված արծաթն օրգանիզմից հեռացնելու մեթոդներ չկան։
Հոնկոնգում 84-ամյա պացիենտը հիվանդանոց է եկել՝ բողոքելով միզուղիների հետ կապված խնդիրներից։ Բժիշկները ցնցվել են մեկ այլ բանից. տղամարդու մաշկը, աչքերը եւ եղունգները անսովոր մոխրագույն-արծաթագույն երանգ ունեին: Ինչպես պարզվել է, այդ գույնը հայտնվել է մոտ հինգ տարի առաջ, իսկ արյան անալիզը պարզել է պատճառը՝ արծաթի բարձր պարունակություն նորմայից 40 անգամ բարձր։ Մետաղը կուտակվել է մարմնի հյուսվածքներում՝ ձեւավորելով մանր հատիկներ քրտնագեղձերի, արյան անոթների եւ մաշկի մանրաթելերի թաղանթներում։
Պացիենտը արծաթով դեղամիջոց չի ընդունել եւ իր աշխատանքում մետաղի չի հանդիպել, նա մատուցող է եղել։ Բացի այդ, նրա հարեւանները նման փոփոխություններ չեն ունեցել, ինչը բացառում է ներքին ազդեցությունը: Նրա ընդունած միակ դեղամիջոցը ֆինաստերիդն էր՝ ոչ արծաթագույն դեղամիջոց, որն օգտագործվում է շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի բուժման համար:
Այս դեպքը հանելուկ է մնում բժիշկների համար, բայց նրանք կշարունակեն հետեւել պացիենտի վիճակին։






