Միկրոպլաստիկը ձևավորվում է պլաստմասսաների տարրալուծումից և համարվում է շրջակա միջավայրն աղտոտող նյութ, որը պոտենցիալ վտանգ է ներկայացնում մարդու առողջության և էկոհամակարգերի համար:

Այս մասնիկները կարող են ներթափանցել մարդու օրգանիզմ՝ կուլ տալու, շնչելու կամ բժշկական սարքերի օգտագործման միջոցով: Հետազոտությունները ցույց են տալիս, որ միկրոպլաստիկները կարող են հաղթահարել կենսաբանական խոչընդոտները, ինչպիսիք են հեմատոէնցեֆալիկ պատնեշը և փոխազդել տարբեր ֆիզիոլոգիական համակարգերի հետ, ներառյալ իմունային և սրտանոթային համակարգերը:

Նախորդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միկրոպլաստիկները կարող են իմունային պատասխաններ առաջացնել, փոխել բջիջների գործառույթները և ազդել արյան շրջանառության վրա, ինչը կարող է հանգեցնել օրգանների դիսֆունկցիայի: Սակայն միկրոպլաստիկից առաջացած անոթային կամ նյարդաբանական խանգարումների կոնկրետ  մեխանիզմները բավարար չափով ուսումնասիրված չեն։

Այս հետազոտության մեջ, որը հրապարակվել է Science Advances ամսագրում, օգտագործվել են տարբեր մեթոդներ՝ ուսումնասիրելու համար, թե ինչպես է միկրոպլաստիկն ազդում մկների արյան հոսքի և նյարդավարքաբանական ֆունկցիայի վրա:

Հետազոտողները մկներին  ֆլյուորեսցենտային պիտակավորված պոլիստիրոլի միկրոպլաստիկ են ներարկել այնպիսի խտությամբ, որը նման է մարդու վրա ազդեցության մակարդակին: Հետազոտության ընթացքում օգտագործվել են պատկերավորման  առաջադեմ մեթոդներ՝ ուղեղի արյան անոթներում միկրոպլաստիկը տեսնելու համար:

Պատկերավորման, վարքագծային և բջջային վերլուծության համադրությունը համապարփակ պատկերացում է տվել, թե ինչպես է միկրոպլաստիկը փոխազդում անոթային և նյարդաբանական համակարգերի հետ:

3D պատկերավորումը ցույց է տվել, որ գրավված իմունային բջիջները հովանոցի ձև են ընդունում անոթների կորություններում, որտեղ դրանց փոփոխված մորֆոլոգիան և ադգեզիվ հատկությունները նպաստում են մազանոթների խցանմանը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ միկրոպլաստիկները խաթարում են անոթային և նյարդավարքաբանական գործառույթները՝ ստիպելով իմունային բջիջներին, որոնք կուլ են տվել դրանք, մեխանիկորեն խցանվել գլխուղեղի նեղ անոթներում:

Գիտնականները նկատել են, որ միկրոպլաստիկով հագեցած առանձին ​​իմունային բջիջները (կոչվում են MPL բջիջներ) խոչընդոտում են արյան հոսքը, հատկապես մազանոթներում: Այս խոչընդոտները նվազեցրել են դեպի ուղեղ արյան հոսքը 30 րոպեի ընթացքում, ընդ որում ամենաէական ազդեցությունները տեղի են ունեցել փոքր չափի անոթներում: Ի տարբերություն դասական թրոմբների, այս խցանումները առաջացել էին բջիջների ֆիզիկական գրավմամբ, այլ ոչ թրոմբոցիտների ակտիվացման կամ արյան մակարդման կասկադների պատճառով: