Քունը կարեւոր դեր է խաղում՝ օգնելով պաշտպանել մեր օրգանիզմի առողջությունը, ներառյալ ուղեղի եւ հոգեկան առողջությունը։

Նոր հետազոտությունը, որն իրականացրել են Միացյալ Թագավորության Յորքի եւ Արեւելյան Անգլիայի համալսարանները, որի արդյունքները հրապարակվել են PNAS ամսագրում, այժմ դիտարկում է քնի, ուղեղի եւ հոգեկան առողջության միջեւ փոխադարձ կապի էլ ավելի ուշագրավ ուղղությունը։

Հետազոտությունը ցույց է տվել, որ խախտված քունն ազդում է ուղեղի՝ սեւեռուն հիշողությունները սահմանափակելու ունակության վրա, ինչը կարող է նպաստել այնպիսի վիճակների առաջացմանը, ինչպիսին են տագնապը, դեպրեսիան եւ անգամ հետտրավմատիկ սթրեսային խանգարումը։

Հետազոտության համար գիտնականները հավաքել են 18-30 տարեկան 85 առողջ մեծահասակ մարդկանց, որոնցից 30-ը տղամարդիկ էին, մյուսները՝ կանայք, եւ նրանց խնդրել են մի գիշեր անցկացնել քնի լաբորատորիայում։ Մասնակիցների մոտ կեսը (43 մարդ) ողջ գիշեր ստիպված է եղել արթուն մնալ, իսկ մյուսները հիանալի քնել են։

Հասկանալու համար, թե ինչպես կարող է քունը կամ դրա բացակայությունն ազդել ուղեղի՝ անցանկալի հիշողությունները եւ մտքերը ճնշելու ունակության վրա, հետազոտողներն ավելի վաղ խնդրել են մասնակիցներին կատարել հետեւյալ վարժությունը. նրանք պետք է դիտեին այն անձանց լուսանկարները, որոնց մի մասը հայտնվել է բացասական տեսարանների համատեքստում, ինչպիսին է ավտովթարը։

Գիշերային քնից կամ քնի խանգարումից հետո բոլոր մասնակիցները պետք է կամ հիշեին այն տեսարանը, որը կապված էր որոշակի անձի հետ, կամ վանեին հիշողությունն այն տեսարանի մասին, որը կապված էր բացասական զգացողությունների հետ։

Գիտնականներն օգտագործել են ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան մասնակիցների ուղեղի ակտիվությունն այդ ժամանակ ուսումնասիրելու համար։ Երբ նրանց խնդրել են հիշել տհաճ հիշողությունները, ակնհայտ է դարձել, որ անքուն գիշեր անցկացրած մասնակիցների մոտ նվազել էր գլխուղեղի աջ դորսարտերալ ճակատամերձ կեղեւի ակտիվացումը, ինչը կապված է հուզական կարգավորման եւ սեւեռուն մտքերի վանման հետ։

Իսկ լավ հանգստացած մասնակիցների մոտ, հակառակը, ավելի բարձր է եղել ուղեղի այդ հատվածի ակտիվությունը եւ ավելի քիչ է եղել ակտիվությունը հիպոկամպում, ինչը կապված է հիշողության վերականգնման հետ։

Գիտնականների կարծիքով՝ սա վկայում է այն մասին, որ լավ հանգստացած մասնակիցներն ավելի լավ են կարողացել զսպել անցանկալի հիշողությունները, ֆունկցիա, որը կոչվում է «հիշողության ճնշում»։ Եվ հակառակը, այդ ֆունկցիան խախտվել է այն մասնակիցների ուղեղում, որոնք անքուն գիշեր էին անցկացրել։