Կոպենհագենի համալսարանի դանիացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ սովորական դեղատոմսով քնաբեր zolpidem-ն առաջացնում է նեյրոհաղորդիչ նորէպինեֆրինի տատանումների խանգարումներ, որն ակտիվացնում է ուղեղի գլիմֆատիկ համակարգը: Այս համակարգն օրգանիզմից հեռացնում է թունավոր սպիտակուցները։ Հետազոտությունը հրապարակվել է Cell գիտական ամսագրում: Գլիմֆատիկ համակարգն ուղեղի ցանց է, որը պատասխանատու է այնպիսի թափոնների հեռացման համար, ինչպիսիք են ամիլոիդը և տաու սպիտակուցները: Դրանք կապված են Ալցհեյմերի հիվանդության և նեյրոդեգեներատիվ այլ հիվանդությունների հետ։ Ի տարբերություն այլ օրգանների՝ ուղեղը չունի ավանդական ավշային անոթներ՝ թափոնները հեռացնելու համար: Փոխարենը, այն հենվում է ողնուղեղային հեղուկի (CSF) վրա՝ արյունատար անոթները շրջապատող մասնագիտացված տարածությունների միջոցով տոքսինները դուրս հանելու համար: Գիտնականները մի շարք փորձեր են անցկացրել մկների վրա՝ քնի ժամանակ գլիմֆատիկ համակարգի աշխատանքը դիտարկելու համար: Գիտնականները եզրակացրել են, որ նորէպինեֆրինի տատանողական արտազատումը REM քնի սահմաններից դուրս հանդես է գալիս որպես CSF-ի հոսքի առաջնային շարժիչ, իսկ միկրոգրգռումները ծառայում են որպես երկրորդական, զուգահեռ գործընթաց: Զոլպիդեմի ազդեցությունը քնի կառուցվածքի և գլիմֆատիկ գործունեության վրա ուսումնասիրելու համար հետազոտողները դեղը տրամադրել են մի խումբ մկների և վերահսկել նորէպինեֆրինի մակարդակը, արյան անոթների դինամիկան և ողնուղեղային հեղուկի հոսքը: Թեև զոլպիդեմն օգնում էր մկներին ավելի արագ քնել, այն զգալիորեն խաթարում էր նորէպինեֆրինի մակարդակի ինֆրա-դանդաղ տատանումները և արյան անոթների վազոմոտորային ակտիվությունը, որոնք կարևոր են գլիմֆատիկ մաքրման համար: Արդյունքում դեղը քնի ժամանակ խանգարել է ուղեղի վերականգնողական գործընթացներին։ Բացահայտումը կարող է օգնել բարելավել ուղեղի առողջության պրոֆիլակտիկան՝ անքնության բուժման մեջ, ասում են գիտնականները:
Հանգստացնող միջոցները խաթարում են ուղեղի գլիմֆատիկ համակարգը. Cell






