Բոստոնի կանանց առողջության Բրիգամի կենտրոնի գիտնականները պարզել են, որ չկա կապ կարտոֆիլի ընդհանուր սպառման եւ ինսուլտի եւ սրտամկանի ինֆարկտի միջեւ, մինչդեռ տապակած կարտոֆիլը կարող է մեծացնել հիպերտոնիայի վտանգը՝ բարձր կալորիականության եւ ավելորդ աղի պատճառով: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nutrients ամսագրում:

Գիտնականները վերլուծել են 67 146 մասնակիցների առողջության եւ սննդակարգի տվյալները սրտանոթային հիվանդությունների հավանականությունը պարզելու համար: Փորձարկվողների տարիքը տատանվել է 25,1-72 տարեկանի սահմաններում, իսկ նրանց կողմից կարտոֆիլի շաբաթական միջին սպառումը տատանվել է 1,9-4,2 չափաբաժինների միջեւ: ԱՀԿ առաջարկների համաձայն՝ կարտոֆիլի մեկ չափաբաժին է համարվում ամբողջական կարտոֆիլը կամ դրա կեսը՝ կախված չափից։

Արդյունքները էական կապ չեն հայտնաբերել կարտոֆիլի ընդհանուր սպառման եւ սրտանոթային հիվանդությունների հավանականության միջեւ, նույնիսկ ժողովրդագրական, սննդային եւ վարքային գործոնները վերահսկելուց հետո: Երկրորդային վերլուծությունները եւս կապ չեն գտել թխված, խաշված, տապակված կամ պյուրե կարտոֆիլի օգտագործման եւ սրտանոթային հիվանդությունների ռիսկի միջեւ:

Հետազոտողները նշել են, որ այն անհատների մոտ, որոնք շաբաթական մեկից ավելի տապակած կարտոֆիլ են օգտագործում, հիպերտոնիայի զարգացման ռիսկը 10 տոկոսով ավելի բարձր է, քան նրանց մոտ, ովքեր նախընտրել են չուտել տապակած կարտոֆիլ: Սակայն այս ազդեցությունը հիմնականում պայմանավորված է եղել ճաշատեսակի մեջ յուղի եւ աղի ավելացմամբ, այլ ոչ թե բանջարեղենի հատկություններով։