Օսակայի Ազգային ուղեղային և սրտանոթային կենտրոնի գիտնականները պարզել են, որ Streptococcus anginosus բակտերիան, որը սովորաբար բնակվում է բերանի խոռոչում և աղիներում, կարող է կապված լինել կաթվածի բարձր ռիսկի և հիվանդների համար ավելի վատ կանխատեսումների հետ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում:
Հետազոտությունն իրականացվել է Ճապոնիայի ամենամեծ կաթվածի կենտրոնում: Գիտնականները վերլուծել են կաթված տարած հիվանդների թքի և աղիներում բակտերիաների քանակը և համեմատել դրանք առողջ մարդկանց տվյալների հետ: Արդյունքները ցույց են տվել, որ Streptococcus anginosus-ը շատ ավելի տարածված է եղել սուր կաթվածով հիվանդների օրգանիզմներում, քան առողջ մարդկանց մոտ:
Գիտնականները հաշվարկել են, որ Streptococcus anginosus-ի առկայությունը աղիներում կապված է կաթվածի ռիսկի 20%-ով աճի հետ՝ հաշվի առնելով անոթային ռիսկի գործոնները: Միաժամանակ, աղիների Anaerostipes hadrus և Bacteroides plebeius բակտերիաները, որոնք նախկինում համարվում էին օգտակար, կապված են եղել այս անոթային իրադարձության ռիսկի նվազման և դրա ավելի բարենպաստ արդյունքների հետ:
Հետազոտությունը ներկայացվել է 2025 թվականին կաթվածի հարցերով Ամերիկյան ասոցիացիայի միջազգային կոնֆերանսում:
«Եթե ապագայում մշակվի արագ թեստ՝ բերանի խոռոչում և աղիներում նման բակտերիաներ հայտնաբերելու համար, մենք կկարողանանք օգտագործել այս տեղեկատվությունը կաթվածի ռիսկը գնահատելու համար», - հայտարարել է հետազոտության գլխավոր հեղինակ, բժշկական գիտությունների դոկտոր Շուիչի Տոնոմուրան՝ Օսակայի Ազգային ուղեղային և սրտանոթային կենտրոնից:






