Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ նույնիսկ հասուն տարիքում մարդու ուղեղն ունակ է գեներացնել ուղեղի նոր բջիջներ՝ նեյրոններ։ Ավելին, այս գործընթացը կարեւոր դեր է խաղում կոգնիտիվ գործառույթների, հատկապես լսելով սովորելու ունակության պահպանման գործում։ Այս մասին հայտնել է Conversation պորտալը։
Չնայած նեյրոնների մեծ մասը ձեւավորվում է կյանքի վաղ շրջանում, ուղեղի որոշ հատվածներում նեյրոգենեզի գործընթացը շարունակվում է մինչեւ հասուն տարիք: Սակայն դրա նշանակությունն ու ազդեցությունը կոգնիտիվ գործառույթների վրա դեռեւս գիտական բանավեճի առարկա են հանդիսանում: Մկների վրա կատարված հետազոտությունները նոր նեյրոնները կապել են հիշողության եւ տարածական ուսուցման հետ, սակայն այս գործընթացի ազդեցությունը մարդու կոգնիտիվ ունակությունների վրա դեռեւս այնքան էլ ուսումնասիրված չէ:
Պարզելու համար, թե ինչպես է նեյրոգենեզը կապվում մեծահասակների կոգնիտիվ ֆունկցիայի հետ, գիտնականներն ուսումնասիրել են դեղերի հանդեպ կայուն էպիլեպսիա ունեցող պացիենտներին: Վիրահատությունից առաջ նրանք կոգնիտիվ թեստեր են հանձնել, իսկ հետո գիտնականները վերլուծել են նրանց ուղեղի հյուսվածքը՝ նոր նեյրոնների առկայության համար:
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ավելի ակտիվ նեյրոգենեզ ունեցող պացիենտների մոտ կոգնիտիվ ֆունկցիայի ավելի քիչ նվազում է նկատվել, հատկապես վերբալ ուսուցման ոլորտում՝ լսելու միջոցով տեղեկատվությունն ընկալելու եւ հիշելու կարողությունը: Այս բացահայտումը զարմացրել է հետազոտողներին, քանի որ մկների վրա կատարված փորձերի ժամանակ նոր նեյրոններն ավելի շատ կապված են եղել տարածական կողմնորոշման հետ:
Կոգնիտիվ ֆունկցիան նվազում է տարիքի հետ, իսկ էպիլեպսիայով եւ դեմենցիայով հիվանդների մոտ այդ պրոցեսը կարող է ավելի արագ տեղի ունենալ: Հաշվի առնելով ստացված տվյալները՝ գիտնականները ենթադրում են, որ նեյրոգենեզի խթանումը կարող է խոստումնալից ուղղություն դառնալ կոգնիտիվ կարողությունների վերականգնման մեթոդների մշակման գործում։
Հետազոտական թիմը ներկայում սկսել է կլինիկական փորձարկում, որն ուղղված է էպիլեպսիայով պացիենտների նեյրոգենեզի բարելավմանն աերոբիկ վարժությունների միջոցով: Առաջին մասնակիցները հաջողությամբ ավարտել են թեստավորումը, եւ ապագայում նախատեսվում է լրացուցիչ պացիենտներ ներգրավել՝ մեթոդի արդյունավետությունը գնահատելու համար։






