Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի գիտնականները Փորձարարական բժշկության ինստիտուտի գործընկերների հետ միասին ուսումնասիրել են TAAR1 հետքային ամինային ռեցեպտորը, որը մասնակցում է տրամադրության, վարքի եւ ընկալման կարգավորմանը: Մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ այն կարեւոր դեր է խաղում աղիների պարունակության եւ էնտերոէնդոկրին բջիջների քիմիական բաղադրության ճանաչման գործում, որոնք պատասխանատու են հորմոնների արտադրության համար։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են International Journal of Molecular Sciences ամսագրում։
Գիտնականների վերջերս նկարագրած ամինային ռեցեպտորների համակարգը ցույց է տվել, որ այդ ռեցեպտորներն առկա են տարբեր օրգաններում եւ հյուսվածքներում, այդ թվում մարսողական համակարգում, հայտնել է Scientific Russia պորտալը: Այս նյութերի դերը դեռեւս մեծ մասամբ պարզված չէ, սակայն խմբի ռեցեպտորներից ամենաշատ ուսումնասիրվածը՝ TAAR1-ը, արդեն նոր սերնդի հակահոգեբուժական դեղամիջոցների թիրախն է:
Հետքային ամիններն ազդում են մարմնի իմունային համակարգի, նյարդային փոխանցման եւ սրտանոթային համակարգի վրա, առկա են որոշ սննդամթերքներում եւ սինթեզվում են նաեւ մարդու օրգանիզմում: Դրանք առկա են հյուսվածքների մեծ մասում նվազագույն խտություններով, բայց աղիներում դրանց պարունակությունը բարձր է, քանի որ դրանք ձեւավորվում են, երբ ամինաթթուները քայքայվում են աղեստամոքսային տրակտի բակտերիաների կողմից:
Բորբոքային հիվանդությունների, ցելիակիայի եւ աղիների քաղցկեղի դեպքում ավելանում է ամինների արտադրությունը միկրոֆլորայի կողմից, ինչն ազդում է մարսողական համակարգի աշխատանքի վրա՝ մեծացնելով աղիների շարժունակությունը: Այս դեպքում TAAR1 ռեցեպտորը ներգրավում է մարսողական համակարգի արձագանքում հետքային ամինների պարունակության ավելացմանը: Օգտագործելով հաշվողական կենսաբանության մեթոդները եւ կենսատեղեկատվական ռեսուրսները, Սանկտ Պետերբուրգի պետականհամալսարանի տրանսլյացիոն կենսաբժշկության ինստիտուտի աշխատակիցները որոշել են այս ռեցեպտորի կապն այլ կարգավորող մոլեկուլների հետ աղիների պատի տարբեր բջիջներում:
Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի եւ Փորձարարական բժշկության ինստիտուտի գիտնականները լ հետազոտել են մկներից ստացված նմուշները, որոնցում TAAR1 գենը «անջատվել» է լաբորատոր պայմաններում:
«Հետազոտությունը հաստատել է, որ TAAR1 ռեցեպտորն առկա է հիմնականում այն բջիջներում, որոնք ներգրավված են աղիների պարունակության քիմիական կազմի ճանաչման եւ դրա գործունեության կարգավորման մեջ՝ կախված տեղի ունեցող փոփոխություններից: Այդ բջիջները էնտերոէնդոկրին են, դրանք արտադրում են հորմոններ, որոնք ազդում են ամբողջ օրգանիզմի աշխատանքի վրա: Գեների վերլուծությունը, որոնք ակտիվանում են բջիջներում միաժամանակ TAAR1 ռեցեպտորի ակտիվացման հետ, ցույց է տվել, որ այն կարող է նաեւ կարեւոր լինել էնտերոէնդոկրին բջիջների հասունացման համար»,- նշել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի նեյրոկենսաբանության եւ մոլեկուլային ֆարմակոլոգիայի լաբորատորիայի ավագ գիտաշխատող Անաստասիա Վագանովան:
Նրա խոսքով՝ TAAR1-ը բազմաթիվ ռեցեպտորներից մեկն է, որը ճանաչում է աղիների արտադրած նյութերը, եւ դրա կորուստը չի հանգեցնում աղեստամոքսային տրակտի մանրէաբանական կտրուկ փոփոխությունների: Սակայն Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի մասնագետների իրականացրած մանրակրկիտ համեմատական վերլուծությունը ցույց է տվել, որ չակտիվացված («անջատված») TAAR1 գենով մկների կղանքի նմուշներում բակտերիաների բազմազանության մի փոքր աճ է գրանցվում, որոնց ուսումնասիրությունը հնարավոր է դարձնում աղիքային միկրոֆլորայի վիճակի անուղղակի գնահատումը։ Միեւնույն ժամանակ, այս մկների մանրէաբանական կազմն ավելի կայուն է, քան լաբորատոր պայմաններում պահվող սովորական մկների մոտ։ Այս փոփոխությունները դժվար է միանշանակ գնահատել, քանի որ մկները մնում են առողջ՝ չնայած նրանց աճող իմպուլսիվությանը:
Ինչպես նշել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի տրանսլյացիոն կենսաբժշկության ինստիտուտի տնօրեն Ռաուլ Գայնետդինովը, հետազոտության արդյունքները ցույց են տալիս TAAR1-ի հնարավոր մասնակցությունը մարմնի եւ աղիքային բակտերիաների «շփմանը»: Սա կարող է կարեւոր լինել հոգեկան խանգարումների բուժման համար, քանի որ դեղամիջոցները, որոնք կարող են ազդել ոչ միայն մտավոր գործառույթների, այլեւ պացիենտի մարմնի այլ գործընթացների վրա, ազդում են հենց TAAR1 ռեցեպտորի վրա:






