European Heart Journal-ում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ երկվորյակների մայրերը ծննդաբերությունից հետո առաջին տարում բախվում են սիրտ-անոթային հիվանդությունների մեծ ռիսկի:
Ամբողջ աշխարհում երկվորյակներով հղիությունների թիվն աճել է վերջին տասնամյակների ընթացքում՝ մասամբ պայմանավորված անպտղության բուժմամբ եւ մայրերի մեծ տարիքով:
Այս գործոնների ազդեցությունը գնահատելու համար գիտնականները վերլուծել են 2010-2020թթ. ԱՄՆ-ում 36 մլն ծննդաբերությունների տվյալները: Նրանք հաշվարկել են ցանկացած տեսակի սիրտ-անոթային հիվանդության, այդ թվում՝ սրտի կաթվածի, սրտի անբավարարության կամ ինսուլտի համար կրկնակի հոսպիտալացումների թիվը: Միապտուղ հղիությունների համեմատ երկվորյակներ ունեցող կանայք, որոնք նորմալ զարկերակային ճնշում են ունեցել, երկու անգամ ավելի հաճախ են հոսպիտալացվել սրտի հիվանդության պատճառով՝ ծննդաբերությունից հետո մեկ տարվա ընթացքում: Իսկ հղիության ընթացքում երկվորյակների մայրերի մոտ արյան բարձր ճնշում ունենալու վտանգն ութ անգամ ավելի բարձր է եղել:
Սակայն մեկ տարի անց ցանկացած պատճառից մահացությունը, ներառյալ սրտի հիվանդությունները, ավելի բարձր է եղել միապտուղ հղիությունների ժամանակ, որոնց դեպքում բարձր է եղել մայրերի արյան ճնշումը։ Գիտնականների կարծիքով՝ դա վկայում է այն մասին, որ երկվորյակների մայրերի համար վտանգը ժամանակի ընթացքում նվազում է։






