Չժենչժոուի համալսարանի Առաջին փոխկապակցված հիվանդանոցի գիտնականները հայտնաբերել են օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման (ՕԿԽ) երկու ենթատեսակ, որոնք կապված են ուղեղի տարբեր հատվածներում գորշ նյութի ծավալի փոփոխության հետ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Translational Psychiatry (TranPsy) ամսագրում:

Հետազոտությանը մասնակցել են 106 առողջ կամավոր եւ 100 մարդ, որոնց մոտ նոր է ախտորոշվել ՕԿԽ: Սա հոգեկան խանգարում է, որի դեպքում մարդն ակամա ունենում է սեւեռուն մտքեր (օբսեսիաներ՝ մոլուցքներ), որոնց ի պատասխան նա կատարում է որոշակի կրկնվող գործողություններ (կոմպուլսիաներ): Օգտագործելով մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ)՝ գիտնականներն ուսումնասիրել են մասնակիցների ուղեղի կառուցվածքները։

Արդյունքները ցույց են տվել, որ ՕԿԽ առաջին ենթատեսակը կապված է գորշ նյութի ծավալի ավելացման հետ ուղեղի այն հատվածներում, որոնք ներգրավված են որոշումների կայացման եւ հուզական մշակման մեջ, ինչպիսին են ճակատային ծալքը եւ նշաձեւ մարմինը: Երկրորդ ենթատեսակն իր հերթին բնութագրվել է գորշ նյութի ծավալի նվազմամբ այն հատվածներում, որոնք կապված են ինքնառեֆերենտ մտածողության եւ կոգնիտիվ ֆունկցիայի հետ։

Նաեւ պարզվել է, որ ՕԿԽ այս ենթատեսակները տարբեր տեղայնացում ունեն։ Առաջինը դրսեւորվում է ճակատի միջին ծալքում, երկրորդը՝ բծավոր մարմնում եւ հիպոկամպում։ Այդ տարբերությունները կարող են բացատրել այս խանգարումն ունեցող պացիենտների ախտանշանների տարբերակվածությունը։