Կարոլինսկայի ինստիտուտի գիտնականները պարզել են, որ վազորդների և հեծանվորդների շրջանում հազարից ավելի գեների ակտիվությունը զգալիորեն տարբերվում է սովորական մարդկանց մոտ նմանատիպ ցուցանիշներից։ Ծանրորդների շրջանում փոփոխություններ են հայտնաբերվել 26 գեներում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature գիտական հանդեսում։
Փորձին մասնակցել են 40 առողջ կամավորներ։ Նրանց թվում են եղել 25 հոգի, ովքեր 15 տարի և ավելի պարբերաբար զբաղվել են սպորտով։ Մարզիկների թվում էին վազորդներ, հեծանվորդներ և ծանրորդներ։ Բացի դրանից, վերահսկիչ խմբում ընդգրկվել է ոչ ակտիվ կենսակերպ վարող 15 մարդ։ Բոլոր փորձարկվողներին մկանային կենսազննում են վերցրել ավելի քան 20 հազար գեների ակտիվությունը վերլուծելու համար:
Արդյունքները ցույց են տվել, որ ավելի քան 1000 գեների ակտիվությունը զգալիորեն տարբերվել է վազորդների և հեծանվորդների օրգանիզմում՝ վերահսկիչ խմբում ընդգրկվածների համեմատ: Այս գեներից շատերը առնչվում են նյութափոխանակության հիվանդություններից, ներառյալ՝ 2-րդ տիպի շաքարախտից պաշտպանվելուն:
Գիտնականները միաժամանակ նշել են, որ ծանրորդների օրգանիզմում զգալի փոփոխություններ են գրանցվել միայն 26 գեներում, ինչը կարելի է բացատրել հետազոտության եղանակների առանձնահատկություններով։ Հետազոտողները ենթադրում են, որ ակտիվ ուժային մարզումների դեպքում փոփոխություններն ավելի շուտ ազդում են ոչ թե ՌՆԹ-ի, այլ սպիտակուցների վրա, որոնց վրա էլ կենտրոնացել է տվյալ վերլուծությունը:
Հետազոտական թիմը ստացված տվյալները համեմատել է մեկամսյա ֆիզիկական վարժություններ անցկացրած 2-րդ տիպի շաքարախտից տառապող մարդկանց արդյունքների հետ: Պարզվել է, որ անգամ կանոնավոր մարզումների համեմատաբար կարճ ժամանակահատվածը նպաստում է գեների ակտիվության փոփոխություններին՝ մոտեցնելով դրանց ցուցանիշները փորձառու մարզիկներին բնորոշ ցուցանիշներին։






