Միկրոպլաստիկը թափանցում է մեր ուղեղ առողջության համար անհայտ հետեւանքներով, նշվել է նոր հետազոտությունում։

Մարդիկ ամեն օր շնչում կամ կլանում են պլաստիկի մնացորդների մանր մասնիկները, որոնք հայտնի են որպես միկրոպլաստիկ եւ նանոպլաստիկ։

Գիտնականները վաղուց էին կասկածում, որ դրանք կարող են հաղթահարել հեմատոէնցեֆալիկ պատնեշը, որը գործում է որպեզ զտիչ կենտրոնական նյարդային համակարգի եւ օրգանիզմի մնացած մասերի միջեւ՝ ուղեղը պաշտպանելով թունավոր նյութերից եւ նրան մատակարարելով սննդարար նյութեր։

Հետազոտությունը, որը հրապարակվել է Nature Medicine ամսագրում, հետազոտություններից վերջինն է, որը վկայում է այն մասին, որ դա իսկապես տեղի է ունենում։

Նյու Մեքսիկոյի համալսարանի (ԱՄՆ) հետազոտողներն ուսումնասիրել են մարդու ուղեղի 52 հետմահու նմուշներ, այդ թվում 28-ը՝ վերցված 20156թ., եւ 24-ը՝ 2024թ., գրել է Euronews Health-ը։

Նրանք միկրոպլաստիկ են հայտնաբերել ուղեղի յուրաքանչյուր նմուշում, որի խտությունները 2024թ. 50 տոկոսով ավելի բարձր են եղել, քան 2016թ.:

Բացի այդ, ուղեղում հայտնաբերվել է միկրոպլաստիկի ավելի բարձր մակարդակ, քան այլ օրգաններում, ինչպիսին են երիկամները եւ լյարդը:

«Գիտական ​​ապացույցները, որոնք հաստատում են պլաստիկից աղտոտվածությունը յուրաքանչյուր օրգանիզմում, ավելանում են, ուստի, ցավոք, դա ինձ այլեւս չի զարմացնում»,- նշել է էկոթունաբան Բեթանի Քարնի Ալմրոթը, որն ուսումնասիրում է պլաստիկի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա Գյոթեբորգի համալսարանում:

Միկրոպլաստիկները նախկինում հայտնաբերվել են մարդու արյան մեջ, թոքերում, կրծքի կաթում:

Բայց «մտահոգիչ է այն միտքը, որ մասնիկները... կարող են անցնել հեմատոէնցեֆալիկ պատնեշը»,- ասել է Ալմրոթը, որը չի մասնակցել նոր հետազոտությանը:

Հետազոտողները դեռ չգիտեն, թե ինչպես եւ որքանով են միկրոպլաստիկներն ազդում առողջության վրա: Այլ հետազոտություններ հայտնաբերել են պոտենցիալ կապեր լուրջ խնդիրների, այդ թվում՝ քաղցկեղի մի քանի տեսակների, շնչառական խնդիրների, սրտի կաթվածի եւ աղիների բորբոքային հիվանդության հետ:

Նոր հետազոտությունն առաջարկում է եւս մեկ հանելուկ. գիտնականներն ուսումնասիրել են դեմենցիայով տառապող 12 մարդկանց ուղեղը եւ հայտնաբերել նրանց ուղեղում միկրոպլաստիկի ավելի մեծ խտություններ, քան այդ ախտորոշումը չունեցող մարդկանց:

Միեւնույն ժամանակ, ուղեղում միկրոպլաստիկի խտությունների աճը, ամենայն հավանականությամբ, արտացոլում է պլաստմասի արտադրության եւ օգտագործման ավելացումը, նշել է Մեծ Բրիտանիայի Էքսեթերի համալսարանի էկոթունաբանության պրոֆեսոր Թամարա Հալոուեյը, որը չի մասնակցել հետազոտությանը:

Ուղեղի նմուշներում հայտնաբերված պլաստիկի մասնիկների մեծ մասը պոլիէթիլենից է եղել, որը լայնորեն օգտագործվում է սննդի եւ խմիչքի փաթեթավորման մեջ, ինչպես նաեւ շամպունի շշերի, աղբամանների եւ այլնի մեջ:

Հատկանշական է, որ մահվան պահին հիվանդների տարիքի եւ նրանց ուղեղում միկրոպլաստիկների քանակի միջեւ որեւէ կապ չկա, ինչը ենթադրում է, որ «միկրոպլաստիկները չեն կուտակվում ուղեղի հյուսվածքում մեր տարիքում»,- նշել է Հալոուեյը:

«Սա շատ կարեւոր է, քանի որ հուշում է, որ եթե մենք նվազեցնենք շրջակա միջավայրի աղտոտումը միկրոպլաստիկով, ազդեցությունը մարդու վրա նույնպես կնվազի»,- ավելացրել է նա:

Հետազոտության հեղինակները նշել են, որ ուղեղի նմուշները հավաքվել են ԱՄՆ տարբեր մասերում, ինչը կարող է ազդել արդյունքների վրա։

Նրանք նաեւ ընդգծել են, որ ավելի շատ հետազոտություններ են անհրաժեշտ՝ կատարելապես պարզելու համար, թե արդյոք ուղեղում միկրոպլաստիկները նրականում առողջական խնդիրներ են առաջացնում:

Այնուամենայնիվ, անկախ հետազոտողները նշել են, որ բացահայտումները մտահոգիչ են՝ հաշվի առնելով շրջակա միջավայրում միկրոպլաստմասների տարածվածությունը:

«Միշտ դժվար է ապացուցել պատճառահետեւանքային կապը, հատկապես մարդկանց վրա ուսումնասիրություններում, որոնք հակված են կորելյացիայի»,- ասել է Ալմրոթը: Բայց «առողջության վրա պլաստիկի մասնիկների ազդեցության ապացույցներն ավելանում են»: