Բիրմինգհեմի համալսարանի գիտնականները պարզել են, որ վանկոմիցին հակաբիոտիկը, որն օգտագործվում է վարակիչ լուծը բուժելու համար, կարող է արդյունավետ լինել աղիների բորբոքային հիվանդության (ԱԲՀ) բուժման համար, որը կապված է լյարդի աուտոիմուն հիվանդության հետ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Crohn's and Colitis (JCC) ամսագրում:

Գիտնականները կենտրոնացել են առաջնային սկլերոզային խոլանգիտի վրա (ԱՍԽ): Հիվանդությունն ուղեկցվում է օջախային բորբոքումով, ֆիբրոզով եւ լեղուղիների նեղացմամբ։ ԱԲՀ-ով տառապողների 80 տոկոսն ունի նաեւ աղիների բորբոքային հիվանդություն, առավել հաճախ՝ խոցային կոլիտ: ԱԲՀ ունեցող պացիենտների մոտ 14 տոկոսն ունենում է ԱՍԽ, ինչը մեծացնում է վիրահատության եւ լյարդի փոխպատվաստման անհրաժեշտության եւ մահվան ընդհանուր ռիսկը:

Հետազոտողների խոսքով՝ ԱՍԽ-ի պատճառով աղիքային բորբոքում ունեցող շատ պացիենտներ չեն արձագանքում ստանդարտ բուժմանը, ինչն ավելի է բարդացնում թերապիան:

Հետազոտության շրջանակում մասնակիցները չորս շաբաթ ընդունել են վանկոմիցին դեղամիջոցը: Բուժման վերջում ԱԲՀ-ով հիվանդների 80 տոկոսն ունեցել է կլինիկական ռեմիսիա՝ բորբոքային մարկերների զգալի նվազմամբ, իսկ 100 տոկոսի մոտ գրանցվել է աղիքային լորձաթաղանթի ապաքինում: Սակայն բուժումը դադարեցնելուց հետո ախտանշանները վերադարձել են։

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ վանկոմիցինը փոխել է որոշ լեղաթթուների բաղադրությունը, ինչը բարենպաստ միջավայր է ստեղծել օգտակար բակտերիաների աճի համար: Գիտնականները նախատեսում են շարունակել հետազոտությունը՝ գնահատելու համար վանկոմիցինի ողջ ներուժը ԱՍԽ-ի բուժման համար՝ ԱԲՀ-ի հետ կապված: