Բրիտանական Կոլումբիայի համալսարանի կանադացի գիտնականները հայտնաբերել են նեյրոնների նոր տեսակ, որոնք կոչվում են «օվոիդ բջիջներ»։ Դրանք առանցքային դեր են խաղում հիշողության ձեւավորման գործում: Հետազոտությունը հրապարակվել է Nature Communications (NatComms) գիտական ​​ամսագրում։

Օվոիդ կամ ձվաձեւ բջիջնե՞ր. սրանք բարձր «մասնագիտացված» նեյրոններ են, որոնք իրենց անվանումն ստացել են ձվաձեւ լինելու պատճառով (ovum՝ լատ. «ձու»): Դրանք հայտնաբերված են հիպոկամպում՝ ուղեղի հատված, որը պատասխանատու է հիշողության եւ ուսուցման համար: Այս բջիջներն ակտիվանում են, երբ մենք հանդիպում ենք ինչ-որ նոր բանի, եւ օգնում են պահպանել այդ տեղեկատվությունը հիշողության մեջ՝ թույլ տալով, որ առարկաները ճանաչվեն նույնիսկ ամիսներ կամ տարիներ անց:

Ձվաձեւ բջիջները հայտնաբերվել են մկների ուղեղի նմուշների վերլուծության ժամանակ: Գիտնականները նկատել են, որ այս նեյրոններն ունեն յուրահատուկ գենետիկ էքսպրեսիա եւ տարբերվում են հիպոկամպի մյուս բջիջներից։

Նրանց ֆունկցիան ուսումնասիրելու համար գիտնականները փոփոխել են բջիջները, որպեսզի նրանք լույս արձակեն, երբ ակտիվ են: Փոքր մանրադիտակի միջոցով նրանք դիտարկել են, թե ինչպես են բջիջներն արձագանքում, երբ մկները փոխգործակցում են նոր առարկաների հետ։ Պարզվել է, որ ձվաձեւ բջիջներն ակտիվանում են միայն առաջին անգամ անծանոթ ինչ-որ բանի հետ շփվելիս, այնուհետեւ «հիշում» են առարկան՝ դադարելով արձագանքել դրան։

Ձվաձեւ բջիջների հայտնաբերումը փոխում է մեր պատկերացումն այն մասին, թե ինչպես է աշխատում հիշողությունը: Նախկինում ենթադրվում էր, որ հիպոկամպը պարունակում է միայն մեկ տեսակի նեյրոն, որը պատասխանատու է հիշողության բոլոր ասպեկտների համար: Այժմ պարզվել է, որ կան «մասնագիտացված» բջիջներ, որոնցից յուրաքանչյուրն ունի յուրահատուկ գործառույթ:

Այս հայտնագործությունը մեծ նշանակություն ունի բժշկության համար։ Գիտնականները ենթադրում են, որ ձվաձեւ բջիջների դիսֆունկցիան կարող է կապված լինել այնպիսի հիվանդությունների հետ, ինչպիսին են Ալցհեյմերի հիվանդությունը եւ էպիլեպսիան: