Ֆինլանդիայի գիտնականները պարզել են, որ անորեքսիան՝ մի խանգարում, որի դեպքում մարդիկ սահմանափակում են իրենց սննդի ընդունումը և ահավոր վախենում են գիրանալուց, ըստ ամենայնի, առնչվում է ուղեղի քիմիական նյութերի փոփոխության հետ, որոնք կարգավորում են ախորժակը և ուտելիքից ստացած հաճույքը: Գիտական աշխատանքը հրապարակվել է Molecular Psychiatry բժշկագիտական  հանդեսում։

Անորեքսիան սննդային վարքի խանգարում է, որի դեպքում մարդը չափից դուրս սահմանափակում է օգտագործող սննդի քանակը՝ սեփական մարմնի մասին խեղաթյուրված ընկալման պատճառով: Դա կարող է սննդարար նյութերի անբավարարության և առողջական լուրջ խնդիրների հանգեցնել:

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ անորեքսիայից տառապող մարդկանց ուղեղում օփիոիդային ընկալիչներ կոչվող հատուկ մոլեկուլներ են ակտիվանում: Օփիոիդները ցավի ընկալման, հաճույքի զգացման և ախորժակի վրա ազդող նյութեր են: Պարզվել է, որ անորեքսիայով հիվանդների ուղեղում այդ ընկալիչների թիվն ավելի շատ է, քան առողջ մարդկանց ուղեղում: Դա կարող է բացատրել նրանց սննդի սահմանափակման անսովոր պահվածքը և քաշի ավելացման վերաբերյալ նրանց մտավախությունը:

Գիտնականները միաժամանակ պարզել են, որ անորեքսիայից տառապող հիվանդների ուղեղը շարունակում է սպառել նույնքան էներգիա, որքան առողջ մարդկանց ուղեղը, նույնիսկ երբ նրանց օրգանիզմը զրկված է սննդից: Դա վկայում է նրա մասին, որ հակառակ օրգանիզմի ընդհանուր հյուծվածությանը, ուղեղը փորձում է պաշտպանել ինքն իրեն։

Ըստ աշխատության հեղինակների՝ այս տվյալները օգնում են ավելի լավ հասկանալ, թե ինչ է կատարվում ուղեղում անորեքսիայի ժամանակ, և կարող են հիմք ծառայել բուժման նոր եղանակների մշակման համար։ Սակայն ավելի խոր պատկերացում ստանալու համար լրացուցիչ հետազոտություններ են պահանջվում: