Շվեդիայի Կարոլինսկայի ինստիտուտի գիտնականները պարզել են, որ աղիների բորբոքային հիվանդությունն (IBD) ի վիճակի է մեծացնել երիկամներում քարերի առաջացման վտանգը: Հետազոտությունը հրապարակվել է Karolinska Institutet-ի պաշտոնական կայքում։

Աղիների և երիկամների հիվանդությունների միջև կապը վերլուծելու համար գիտնականներն ուսումնասիրել են նախկինում հրապարակված լայնածավալ համաճարակաբանական հետազոտությունների և խոցային կոլիտից և Կրոնի հիվանդությունից տառապող տասնյակ հազարավոր չափահաս կամավորների դեպքերի պատմությունը: Աղիների բորբոքային հիվանդություններն ազդում են աղեստամոքսային տրակտի տարբեր մասերի լորձաթաղանթի վրա՝ որովայնի ցավի, աղիների խանգարումների, հոգնածության և քաշի կորստի պատճառ դառնալով:

Արդյունքները ցույց են տվել, որ աղիների բորբոքային հիվանդությունից տառապող մարդկանց շրջանում ավելի հաճախակի է առաջանում երիկամների քարեր (նեֆրոլիտիաս) և ինտերստիցիալ նեֆրիտ՝ երիկամների ստրոմայի և խողովակների ոչ թարախային բորբոքում, որն ի հայտ է գալիս չափազանց իմունային արձագանքից: Գիտնականները նշում են Այս պայմանները կարող են առաջանալ համակարգային ազդեցություններից, մասնավորապես՝ բորբոքումից կամ դեղերի կողմնակի ազդեցություններից:  

Հետազոտողները նշել են նաև, որ հաստ աղիքի մի մասի հեռացման վիրահատությունը, որը հաճախ անհրաժեշտ է աղիների բորբոքային հիվանդության ծանր ձևերի դեպքում, կարող է հանգեցնել ջրազրկման և էլեկտրոլիտների անհավասարակշռության՝ մեծացնելով երիկամների վնասման վտանգը: