Գիտնականների միջազգային թիմը պարզել է, որ Լիբանանում ծանր ընդհանրացված տագնապային խանգարում (GAD) ունեցող մեծահասակներն հակաօքսիդանտների օրական ընդունման ցածր մակարդակ ունեն: Վեց շաբաթ տևած հետազոտության ընթացքում հակաօքսիդանտ հավելումներ ստացած մասնակիցներն անհանգստության ախտանիշների շոշափելի նվազում են դրսևորել: Գիտական աշխատանքը հրապարակվել է Nutrition Neuroscience (NutNeuroscience) բժշկագիտական  հանդեսում։

Ընդհանրացված անհանգստության խանգարումը բնութագրվում է կյանքի տարբեր ասպեկտների վերաբերյալ խրոնիկական և անհիմն տագնապներով, որոնք ուղեկցվում են ֆիզիկական ախտանիշներով, մասնավորապես՝ հոգնածությամբ, մկանային լարվածությամբ և կենտրոնանալու դժվարությամբ: Նման խանգարումների զարգացման վրա ազդող գործոններից են, ըստ գիտնականների, օքսիդատիվ սթրեսը (օքսիդացման արդյունքում բջիջների վնասման գործընթացը), որը հակաօքսիդանտների օգնությամբ հնարավոր է չեզոքացնել։

Հետազոտության ընթացքում 155 առողջ մասնակիցներ GAD-7 սանդղակի կիրառմամբ գնահատել են իրենց սննդակարգում հակաօքսիդանտների ընդունումն ու տագնապի մակարդակը: Փորձի երկրորդ փուլին մասնակցել են ընդհանրացված տագնապային խանգարումով հիվանդ 40 մասնակից, որոնք վեց շաբաթվա ընթացքում ամեն օր հակաօքսիդանտ ըմպելիք են ընդունել: Արդյունքները ցույց են տվել, որ հակաօքսիդանտների ընդունումը նպաստել է մասնակիցների տագնապի ախտանիշների նվազեցմանը:

Հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ հակաօքսիդանտների ընդունման ավելացումը ընդհանրացված տագնապի խանգարման դեպքում կարող է պաշտպանիչ ազդեցություն ունենալ՝ ի հայտ բերելով  նման հավելումների՝ թերապևտիկ  նպատակներով կիրառելու հեռանկարը: