Կարոլինյան ինստիտուտի գիտնականները պարզել են, որ հակադեպրեսանտները կարող են արագացնել կոգնիտիվ ֆունկցիայի վատթարացումը դեմենցիա ունեցող մարդկանց մոտ: Ընդ որում, ամենաարագ ռեգրեսիան նկատվում է այնպիսի դեղամիջոց ընդունելիս, ինչպիսին է ֆլուոքսետինը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են BMC Medicine ամսագրում:

Հետազոտությանը մասնակցել է դեպրեսիա ունեցող 18 740 կամավոր: Նրանց մոտ 23 տոկոսը հակադեպրեսանտներ է ընդունել: Ընդհանուր առմամբ, գիտնականները գրանցել են հակադեպրեսանտների 11 912 դեղատոմս, որոնց 65 տոկոսը վերաբերել է սերոտոնինի հակադարձ ընդգրկման ինհիբիտորներին (ՍՀԸԻ):

ՍՀԸԻ-ն այսպես կոչված «երրորդ սերնդի հակադեպրեսանտների» խումբ է, որոնք բարձրացնում են սերոտոնինի մակարդակը: Սա օգնում է ավելի ճշգրիտ կարգավորել տրամադրությունը եւ աստիճանաբար հաղթահարել չափավոր եւ ծանր դեպրեսիան: Դրանք ներառում են սովորաբար օգտագործվող դեղամիջոցներ, ինչպիսին են ֆլուոքսետինը եւ սերտրալինը:

Մի քանի տարի շարունակ գիտնականները վերահսկել են կամավորների կոգնիտիվ առողջությունը եւ համեմատել տարբեր տեսակի հակադեպրեսանտներ ընդունող խմբերին: Արդյունքները ցույց են տվել, որ նման դեղամիջոցների ընդունումը կապված է տկարամտություն ունեցող մարդկանց հիշողության եւ ուշադրության արագացված անկման հետ:

Ընդ որում, էսցիտալոպրամ ՍՀԸԻ-ն կապված է եղել կոգնիտիվ ֆունկցիայի ամենաարագ անկման հետ: Ցիտալոպրամը եւ սերտրալինը նույնպես ընդգծված բացասական ազդեցություն են ունեցել ուղեղի առողջության վրա։ Միրտազապին դեղամիջոցը, որը գործում է այլ սկզբունքով, ավելի «խնայող» ազդեցություն է ունեցել կոգնիտիվ առողջության վրա։

Գիտնականները նշել են, որ հակադեպրեսանտները հաճախ օգտագործվում են տագնապի, դեպրեսիայի, ագրեսիայի եւ քնի հետ կապված խնդիրներից ազատվելու համար: Նոր տվյալները կօգնեն բժիշկներին բուժման ավելի լավ որոշումներ կայացնել: