Հայդելբերգի համալսարանի և այլ ինստիտուտների գերմանացի գիտնականները պարզել են, որ սմարթֆոնի օգտագործման նույնիսկ կարճաժամկետ սահմանափակումն էապես փոխում է ուղեղի ակտիվությունը՝ կապված դոֆամինի և սերոտոնինի հետ: Այս նեյրոհաղորդիչները կարգավորում են տրամադրությունը և կախվածությունը: Հետազոտությունը հրապարակվել է Computers in Human Behavior (CHB) բժշկագիտական  հանդեսում:

Թիմը հավաքագրել է 18-30 տարեկան 25 երիտասարդների, որոնք իրենց առօրյա կյանքում ակտիվորեն օգտագվում էին սմարթֆոններից: Մասնակիցները հոգեբանական թեստեր և հարցաթերթիկներ են լրացրել՝ գաջեթների օգտագործման իրենց սովորությունները և հուզական վիճակը գնահատելու համար: Այնուհետև նրանց խնդրել են սահմանափակել սմարթֆոնի օգտագործումը 72 ժամով՝ սարքերից օգտվելով միայն աշխատանքի, առօրյա գործերի և մերձավորների հետ շփվելու համար։

Գիտափորձից առաջ և հետո կամավորները կատարել են ուղեղի սկանավորում՝ օգտագործելով ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային շերտագրում (fMRI): Սկանավորման ընթացքում նրանց ցուցադրել են չեզոք տեսարանների պատկերներ (օրինակ՝ բնապատկերներ), ինչպես նաև միացված և անջատված սմարթֆոններ:

Պարզվել է, որ սմարթֆոնների օգտագործման սահմանափակումը զգալիորեն փոխել է պարգևատրման և հակումներին առնչվող ուղեղի շրջանների ակտիվությունը։ Այս փոփոխությունները նման են այն փոփոխություններին, երբ մարդիկ հեռանում են կախվածություն առաջացնող նյութերից, ինչպիսին թմրանյութերը կամ ալկոհոլն են:

Սմարթֆոն շատ օգտագործած, ինչպես նաև չափավոր  օգտագործած մասնակիցները նմանատիպ արձագանքներ են ցույց տվել։ Սա հուշում է, որ նույնիսկ սմարթֆոնի կանոնավոր օգտագործումը կարող է ուղեղում փոփոխություններ առաջացնել:

Հետազոտողները նշել են, որ սմարթֆոնների օգտագործման սահմանափակումն ազդում է դոֆամինի և սերոտոնինի մակարդակի վրա, ինչը կարող է բացատրել տրամադրության և վարքի փոփոխությունները:

Գիտնականները խորհուրդ են տալիս ժամանակային սահմանափակումներ սահմանել սմարթֆոնների օգտագործման համար, գաջեթներ օգտագործել միայն անհրաժեշտ առաջադրանքներ կատարելիս, ինչպես նաև կանոնավոր ընդմիջումներ անել և ժամանակ հատկացնել համացանցից դուրս գործունեությանը: