BMJ ամսագրում հրապարակված ուսումնասիրության համաձայն՝ մինչեւ 2050թ. ամբողջ աշխարհում Պարկինսոնի հիվանդություն ունեցող մարդկանց թիվը կհասնի 25,2 միլիոն մարդու (2021թ. համեմատ 112 տոկոսով ավելի), ինչը պայմանավորված է բնակչության ծերացմամբ:

Ընդհանուր առմամբ, կանխատեսվում է, որ Պարկինսոնի հիվանդություն ունեցող մարդկանց թիվը (տարածվածությունը բոլոր տարիքային խմբերում) 100 000 բնակչի հաշվով կաճի 76տոկոսով, իսկ տարիքային տարբերություններին համապատասխանեցնելու դեպքում՝ 55 տոկոսով (տարիքային ստանդարտացված տարածվածություն), ընդ որում՝ կանխատեսվում է, որ ցուցանիշներն ամենաբարձրը կլինեն Արեւելյան Ասիայում:

Գիտնականների խոսքով՝ այս կանխատեսումները «կարող են օգնել առաջ մղել առողջապահական հետազոտությունները, իրազելել քաղաքականության որոշումների եւ ռեսուրսների բաշխման մասին»:

Պարկինսոնի հիվանդությունն ամենաարագ տարածվող եւ հաշմանդամության հանգեցնող նյարդաբանական հիվանդությունն է, սակայն ապագա տարածվածության կանխատեսումները դեռեւս բացակայում են շատ երկրներում եւ տարածաշրջաններում:

Այս խնդիրը լուծելու համար հետազոտողներն օգտագործել են 2021թ. Global Burden of Disease Study-ի տվյալները՝ գնահատելու Պարկինսոնի հիվանդություն ունեցողների տարիքը, սեռը եւ հիվանդության տարածվածությունը 195 երկրներում եւ տարածքներում 2022-2050թթ. ժամանակահատվածում, ինչպես նաեւ Պարկինսոնի հիվանդության դեպքերի փոփոխության պատճառ հանդիսացող գործոնները:

Նրանք նշել են, որ աշխարհում Պարկինսոնի հիվանդություն ունեցող մարդկանց թիվը 2050թ. կկազմի 25,2 միլիոն մարդ (բոլոր տարիքների եւ երկու սեռերի), ինչը 2021թ. համեմատ 112 տոկոսով ավելի կլինի:

Ըստ կանխատեսումների՝ մինչեւ 2050թ. Պարկինսոնի հիվանդության դեպքերը կավելանան աշխարհի այն տարածաշրջաններում, որտեղ հիվանդությունը տարածված է, հատկապես չափավոր զարգացած երկրներում, որոնք գտնվում են Սոցիոդեմոգրաֆիական ինդեքսի (SDI) միջին միջակայքում: Հետազոտողները կանխատեսում են, որ այս աճի հիմնական շարժիչ ուժը (89 տոկոս) կլինի բնակչության ծերացումը, որին հաջորդում է բնակչության աճը (20 տոկոս), ընդ որում՝ տարածաշրջանային եւ ազգային մակարդակներում կնկատվեն տարբեր միտումներ: