Կյանքի տևողության աճը Եվրոպայում գործնականում կանգ է առել չափից շատ ուտելու, ալկոհոլի մեծ քանակության օգտագործման և անբավարար շարժման պատճառով: Այս եզրակացության են եկել բրիտանացի գիտնականները, որոնք իրենց բացահայտումները հրապարակել են Lancet ամսագրում:
Նրանք նշում են, որ Եվրոպայում տասնամյակներ շարունակվող կյանքի տևողության բարելավումը կանգ է առել 2011 թվականից: Ուսումնասիրությունն իրականացվել է 20 երկրում, որոնց թվում են Ավստրիան, Բելգիան, Դանիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Իսլանդիան, Իռլանդիան, Իտալիան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Նորվեգիան, Պորտուգալիան, Իսպանիան և Շվեդիան, ինչպես նաև Միացյալ Թագավորության երկրները՝ Անգլիան, Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան:
Կյանքի տևողության առումով ամենամեծ լճացումը 2011 թվականից գրանցվել է Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում, հայտնում է Euronews-ը։ Նորվեգիան, որտեղ պետական մակարդակով շաքարից հրաժարվելու քաղաքականություն է իրականացվում, մնացել է միակ երկիրը, որտեղ կյանքի տևողությունը շարունակել է աճել ընդհուպ համավարակը:
Հետազոտության հեղինակները հայտարարել են, որ 2011 թվականից հետո ի հայտ եկած միտումը կապված է սրտանոթային հիվանդություններից մահացության աճի հետ, որն առաջացել է անառողջ ապրելակերպի հետևանքով` վերամշակված սննդի օգտագործմամբ, ֆիզիկական ծանրաբեռնվածության պակասով և ճարպակալմամբ:
Հետազոտողները նշել են նաև, որ թվերը կարող են արտացոլել որոշ հասարակություններում սոցիալական կազմի փոփոխությունը: «Եվրոպական բնակչության ժողովրդագրական բնութագրերը զգալիորեն փոխվել են մի շարք երկրներում, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, Հյուսիսային Եվրոպայի երկրների համեմատ միգրանտների հոսքի աճի պատճառով», - նշել է Լոնդոնի Քինգս քոլեջի սննդաբանության պրոֆեսոր Թոմ Սանդերսը:
Համավարակը բեկումնային պահ դարձավ այն երկրների մեծ մասի համար, որտեղ անցկացվել է ուսումնասիրությունը: Նշվում է, որ այն երկրները, որոնք մինչև 2020 թվականը մյուսներից ավելի երկար են պահպանել կյանքի տևողության աճը, ավելի լավ են դիմակայել կորոնավիրուսին, քան մյուսները: Դրանք սկանդինավյան երկրներն են՝ Իսլանդիան և Բելգիան։ Հունաստանը և Մեծ Բրիտանիան, ընդհակառակը, տեսել են ամենալուրջ անկումները, կյանքի տևողությունն այդ երկրներում նվազել է մոտ 7 ամսով:
Ըստ հետազոտության հեղինակների, այս տվյալները արտացոլում են պետական առողջապահական քաղաքականության հաջողությունները կամ ձախողումները։ «Երկրները համեմատելիս կարող ենք ասել, որ առողջության բարելավմանն ուղղված ազգային քաղաքականությունն ավելի մեծ դիմադրողականություն է ստեղծել ցնցումների նկատմամբ», - ասել է Սթիլը:
Նրա կարծիքով, սննդակարգը շարունակում է մնալ ռիսկի հիմնական գործոններից մեկը։ Սթիլը կոչ է անում պետական մակարդակով լուծել անառողջ սննդի խնդիրը, հատուկ պիտակներ փակցնել գերվերամշակված սննդամթերքների վրա և քարոզել առողջ, էկոլոգիապես մաքուր տարբերակները:






