Կանադացի գիտնականները պարզել են, որ մտավոր խանգարումներով ախտորոշված մարդիկ առանձնահատուկ՝ սրտային հիվանդությունների եւ ինսուլտի առաջացման տեսանկյունից կրկնակի ռիսկ ենթադրող կենսակերպ են վարում, հաղորդում է Medical Daily-ն:
«Եվ որքան մեծ է մտավոր խանգարումների թիվը, այնքան ռիսկն ավելի բարձր է դառնում», - ընդգծել է հետազոտության ավագ հեղինակ դոկտոր Քեթի Գոլդին: Նրա գլխավորությամբ գործող գիտնականները, մասնավորապես, մտավոր խանգարումների՝ սրտանոթային բարդությունների հանգեցման 3 պատճառ են առանձնացրել:
1. Հոգեբուժական դեղերը՝ հակապսիխոտիկները, հակադեպրեսանտները, բենզոդիազեպինները, ինչպես նաեւ տրամադրության կայունացում հետապնդող դեղամիջոցները կարող են հավելյալ քաշի առաջացման եւ օրգանիզմի՝ ճարպեր ու շաքար քայքայելու կարողության թուլացման հանգեցնել: Հիշյալ գործոնների ազդեցությամբ ճարպակալումը, խոլեստերինի բարձր մակարդակը եւ շաքարախտը անխուսափելի հետեւանքների թվում կարող են դիտարկվել:
2. Մտավոր խանգարումները անառողջ կենսակերպով են զուգակցվում, քանի որ հիշյալ ախտորոշումը ստացած անձինք առավել հաճախ են ալկոհոլ օգտագործում, ոչ առողջարար սննդակարգի հետեւում եւ առավել հազվադեպ՝ ֆիզիկական ակտիվություն դրսեւերում: Բացի այդ էլ, մտավոր խանգարմամբ տառապող հիվանդների շրջանում զարկերակների պատերի կարծրացմանը եւ ընդհանուր առողջության շեշտակի վտանգմանը հանգեցնող ծխելու սովորությանը տվելու 40-90 տոկոս հավանականություն է գնահատվում՝ ի տարբերություն առողջ մարդկանց, որոնց պարագայում ցուցանիշը մոտ 20 տոկոս կարող է կազմել:
3. Մտավոր խանգարում ունեցող մարդիկ առավել մեծ դժվարությամբ են կոնտակտի մեջ մտնում բժշկի հետ՝ իրենց հուզող խնդրի վերաբերյալ: Առողջ մարդն ի վերջո կարող է հավելյալ քաշ հավաքելու միտման եւ կրծքավանդակի հատվածում ի հայտ եկած ցավերի վտանգավորությունն ընկալել, իսկ ահա մտավոր խանգարմամբ ախտորոշված հիվանդի համար հավելյալ քաշի հետ ասոցացվող առողջական խնդիրները կարող են անընկալելի մնալ:
Սրտանոթային հիվանդությունները, հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնի հաղորդմամբ, շարունակում են ԱՄՆ բնակիչների մահացության համար առաջին պատճառը մնալ: Երկրում գրանցվող մահվան չորս դեպքերից մեկի պատճառը հենց սրտանոթային խանգարումներն են: Մտավոր խանգարմամբ տառապող հիվանդների պարագայում ցուցանիշը կարող է անհամեմատ բարձր լինել: Այդուհաներձ, քանի որ երկու երեւույթների միջեւ կապի առկայության մասին բացահայտումները բոլորովին վերջերս են արվել, դրանց վերաբերող վիճակագրական տվյալներ դեռեւս չեն ստացվել: Թեեւ առանց դրանց էլ պարզ է, որ, ինչպես բացահայտումը հեղինակած գիտնականներն են պնդում, առողջապահական ոլորտի պատասխանատուները պետք է առավել ուշադիր գտնվեն՝ մտավոր խանգարում ունեցող հիվանդների առողջության նկատմամբ:






