Հետազոտությունները ցույց են տալիս, որ ամուսնությունը երեք անգամ ավելացնում է տղամարդկանց ճարպակալման վտանգը, սակայն չի անդրադառնում կանանց վրա։ 1990 թվականից ի վեր ճարպակալման մակարդակն ամբողջ աշխարհում աճել է ավելի քան կրկնակի՝ ավելի քան 2,5 միլիարդ մեծահասակներ և երեխաներ տառապում են  ավելորդ քաշիվ կամ ճարպակալումից, գրում է The Guardian-ը։

Ըստ կանխատեսումների՝ մինչև 2050 թվականն ամբողջ աշխարհում չափահասների կեսից ավելին և երեխաների մեկ երրորդը տառապելու են ավելորդ քաշից կամ ճարպակալումից:

Թեև հայտնի է, որ սխալ սնվելը, սակավաշարժ ապրելակերպը, գենետիկան, շրջակա միջավայրի տոքսինները և ուղեկցող հիվանդությունները մեծացնում են վտանգը, Վարշավայի Սրտաբանության ազգային ինստիտուտի գիտնականները ցանկացել են ուսումնասիրել, թե արդյոք այլ գործոններ ևս կարևոր դեր են խաղում:

Գիտնականներն ուսումնասիրել են 2405 մարդու բժշկական տվյալներն ու ընդհանուր առողջական վիճակը: Փորձարկվողների միջինը 50 էին։ Վիճակագրական վերլուծությունն օգտագործվել է մարմնի զանգվածի ավելացման և տարիքի, ամուսնական կարգավիճակի, հոգեկան առողջության և այլ գործոնների միջև կապը հաստատելու նպատակով:

Մալագայում ճարպակալման դեմ պայքարի հարցերով եվրոպական կոնգրեսում ներկայացված այս տարվա հետազոտությունը ցույց է տվել, որ ամուսնացած տղամարդիկ 3,2 անգամ ավելի շատ են հակված ճարպակալման, քան չամուսնացած տղամարդիկ, մինչդեռ ամուսնացած կանանց ճարպակալման վտանգ չի սպառնում: Միևնույն ժամանակ ամուսնությունը մեծացնում է ավելորդ քաշի հավանականությունը տղամարդկանց մոտ 62%-ի և կանանց մոտ՝ 39%-ի շրջանում, պարզել են գիտնականները:

Հետազոտության արդյունքները ստացվել են 2024 թվականին Չինաստանում անցկացված հետազոտությունից հետո, որը ցույց է տվել, որ մարմնի զանգվածի ինդեքսը տղամարդկանց շրջանում աճում է ամուսնությունից հետո առաջին հինգ տարիների ընթացքում՝ ավելի շատ կալորիաների ընդունման և ավելի քիչ ֆիզիկական ակտիվության հետևանքով: Պարզվել է, որ ամուսնությունը կապված է ավելորդ քաշ ունեցող տղամարդկանց թվի 5,2% աճի և ճարպակալող տղամարդկանց թվի 2,5% աճի հետ։