Իլինոյսի համալսարանի գիտնականները՝ կենսաքիմիայի պրոֆեսոր Ջո Սանֆիլիպոյի գլխավորությամբ, հայտնաբերել են, որ որոշ դժվար բուժվող վարակներ կարող են այնքան էլ կայուն չլինել հակաբիոտիկների նկատմամբ, քան նախկինում ենթադրվում էր: Պարզվել է, որ հակաբիոտիկների ազդեցությունը մեծանում է հեղուկի հոսքի արագության բարձրացման հետ, ինչը լաբորատոր պայմաններն ավելի է մոտեցնում օրգանիզմում իրական գործընթացներին։ Աշխատանքը հրապարակվել է Science Advances ամսագրում։
Հետազոտողներն ուսումնասիրել են հակաբիոտիկների ազդեցությունը Pseudomonas aeruginosa-ի՝ դեղամիջոցների նկատմամբ ամենադիմացկուն պաթոգեններից մեկի վրա: Գիտնականներն օգտագործել են միկրոֆլյուիդային սարք, որը թույլ է տալիս ճշգրիտ վերահսկել հեղուկի հոսքի արագությունը՝ նմանակելով պայմաններն օրգանիզմում, որտեղ արյունը եւ այլ հեղուկները մշտապես շրջանառվում են:
«Երբ հակաբիոտիկ եք ընդունում խմելու կամ ներերակային ձեւով, այն արյան միջոցով հասնում է անհրաժեշտ տեղը: Հեղուկները շարժվում են նաեւ թոքերում, միզուղիներում եւ մարսողական ուղիներում։ Բայց ստանդարտ լաբորատոր պայմաններում հակաբիոտիկների ազդեցությունն ուսումնասիրվում է ստատիկ միջավայրում՝ Պետրիի գավաթերի վրա կամ փորձանոթներում, ինչը չի համապատասխանում օրգանիզմի իրական պայմաններին»,- պարզաբանել է Սանֆիլիպոն։
Փորձի ընթացքում թիմը երեք տարբեր հակաբիոտիկներ է կիրառել հոսքի տարբեր արագությամբ: Հոսքի ցածր արագության կամ բացակայության դեպքում հակաբիոտիկները գործել են միայն հեղուկի ուղու սկզբնական մասում: Բայց երբ հոսքի արագությունը մեծացել է, հակաբիոտիկների ազդեցությունը եւս մեծացել է, եւ ամենաբարձր հոսքի արագության դեպքում բակտերիաներնը ամբողջությամբ ոչնչացվել են:
Հայտնագործությունը մատնանշում է կլինիկաներում եւ լաբորատորիաներում հակաբիոտիկների թեստավորման մոտեցումների վերանայման անհրաժեշտության մասին։
«Եթե պացիենտի մոտ վարակ է ախտորոշվում, բժիշկները սովորաբար նմուշ են վերցնում եւ տեսնում, թե որ հակաբիոտիկն է արդյունավետ: Բայց այս թեստերն իրականացվում են ստացիոնար միջավայրում։ Արդյունքում՝ բժիշկը կարող է չնշանակել արդյունավետ դեղամիջոց, քանի որ այն այլ կերպ կաշխատի հոսքի պայմաններում»,- ավելացրել է Սանֆիլիպոն:
Հետազոտողների խոսքով՝ նոր հակաբիոտիկների փորձարկման ստանդարտ մեթոդները նույնպես կարող են թերի լինել, քանի որ դրանք հաշվի չեն առնում հեղուկի հոսքի ազդեցությունը դեղամիջոցների ակտիվության վրա:
Հետագայում թիմը նախատեսում է փորձարկել հակաբիոտիկների նկատմամբ կայուն այլ պաթոգեններ եւ տարբեր հակաբիոտիկներ՝ օգտագործելով միկրոֆլյուիդային տեխնոլոգիա: Գիտնականները նաեւ ցանկանում են ուսումնասիրել այն մեխանիզմները, որոնք հակաբիոտիկներն ավելի արդյունավետ են դարձնում հեղուկի հոսքի պայմաններում:






