Շանհայի Ցզյաո Տոնգ համալսարանի գիտնականները պարզել են, որ քրքումի ակտիվ բաղադրիչի՝ քրքումինի ավելացումը մեծացնում է հակաբիոտիկ բեդակվիլինի արդյունավետությունը Mycobacterium abscessus-ով առաջացած վարակների բուժման համար: Այս բացահայտումը կարող է բեկումնային լինել հակաբիոտիկների նկատմամբ կայուն հիվանդությունների բուժման գործում: Գիտական աշխատանքը հրապարակվել է բժշկագիտական Microbiology Spectrum հանդեսում։
Mycobacterium abscessus-ն արագ աճող պաթոգեն միկոբակտերիաներ են, որոնք թոքերի և մաշկի վարակներ են առաջացնում: Առավել վտանգի ենթակա են թուլացած իմունային համակարգ և խրոնիկական շնչառական հիվանդություններ ունեցողները: Հակաբիոտիկների մեծ մասի նկատմամբ բնական դիմադրության շնորհիվ վարակի բուժումը տևում է ավելի քան մեկ տարի և ներառում է դեղերի համակցություն: Սակայն նույնիսկ երկարատև բուժումից հետո հիվանդների միայն կեսն է լիովին ապաքինվում:
Բեդակվիլինը, որն օգտագործվում է տուբերկուլյոզի բուժման համար, որոշակի արդյունավետություն է ցուցաբերում M. abscessus-ի դեմ, բայց միշտ չէ, որ ամբողջությամբ մաքրում է վարակը: Գիտնականները միջոց էին փնտրում այս հակաբիոտիկի արդյունավետությունը բարելավելու համար և դիմեցին քրքումինի օգնությանը. այս բնական նյութը տարբեր հիվանդություններ բուժելու համար վաղուց է օգտագործվում ավանդական ասիական բժշկության մեջ:
Լաբորատոր փորձերի ժամանակ բեդակվիլինը սկզբում արգելակել է M. abscessus-ի աճը, սակայն երկու շաբաթ անց բակտերիաները դարձյալ սկսել են բազմանալ: Սակայն, երբ քրքումին ավելացվեց, բակտերիաների աճը լիովին ճնշվեց, ինչը վկայում է, որ քրքումին հակաբիոտիկների նկատմամբ մանրէաբանական դիմադրությունը քայքայելու հատկություն ունի:
Մկների վրա կատարված հետազոտությունների ժամանակ բեդակվիլինի և քրքումինի համադրությունն ավելի արդյունավետ էր վարակը ճնշելու առումով, քան որևէ առանձին վերցված բաղադրիչ: Այս ազդեցությունը նկատվել է ինչպես առողջ մկների, այնպես էլ թուլացած իմունային համակարգ ունեցող կենդանիների շրջանում։
«Հակաբիոտիկի և քրքումինի համադրությունը ուժեղացված հակաբակտերիալ ակտիվություն ցույց տվեց և բարելավեց վարակի վերացումը», - ասում է հետազոտությունը ղեկավարած բժիշկ Չժե Վանգը:
Գիտնականները մտադիր են ուսումնասիրել համակցված թերապիայի հիմքում ընկած մոլեկուլային մեխանիզմներն ու ստուգել դրա արդյունավետությունը միկոբակտերիաների այլ դիմացկուն շտամների նկատմամբ: Անցկացվում է դեղամիջոցի անվտանգության գնահատում է, որպեսզի ճանապարհ հարթվի կլինիկական փորձարկումների և բուժման նոր եղանակների մշակման համար:






