Գիշերային հանգստի կայուն գրաֆիկ պահպանելու համար խորհուրդ է տրվում ցերեկվա ընթացքում քնել ոչ ավելի, քան 30 րոպե։ Խորհուրդ չի տրվում նաեւ ժամը 14:00-ից հետո քնել։ Այս մասին The Conversation-ին ասել է Ուորիքի բժշկական դպրոցի հոգեկան առողջության դոցենտ Դալար Մուհթարյանը։
Ցերեկային քունն արդյունավետ է համարվում զգոնությունը բարձրացնելու, տրամադրությունը բարելավելու, հիշողությունն ամրապնդելու եւ արտադրողականությունը բարձրացնելու համար: Բայց որոշ մարդկանց համար այս պրակտիկան դժվարացնում է գիշերը քնելը: Բացի այդ, երբեմն ցերեկային քունը չի նպաստում եռանդի ավելացման, այլ հանգեցնում է ալարկոտության եւ ապակողմնորոշման։
Մուհթարյանը բացատրել է, որ մարդկանց մեծամասնության մոտ աշխատունակության բնական անկում է նկատվում օրվա առաջին կեսին, սովորաբար ժամը 13:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում: Դա տեղի է ունենում ոչ միայն ծանր ճաշի պատճառով. ներքին կենսաբանական ժամացույցը կամ ցիրկադային ռիթմերը «սրվում» են գլխուղեղի գործունեության ցիկլային փոփոխություններով:
Փորձագետի խոսքով, եթե ցերեկային քնկոտություն է առաջանում, կարելի է քնել, սակայն նման հանգստի տեւողությունը չպետք է գերազանցի 30 րոպեն։ Եթե ուշացնեք արթնանալը, օրգանիզմը կանցնի դանդաղ ալիքի քնի վիճակի, որը շատ ավելի կդժվարացնի արթնանալը։ Բացի այդ, օրվա ընթացքում շատ երկար քնելուց հետո ալարկոտության զգացումը կարող է պահպանվել մինչեւ մեկ ժամ:
Մուհթարյանն ավելացրել է, որ ցերեկայնի քնի համար իդեալական ժամանակը մինչեւ ժամը 14.00-ն է։ Ավելի ուշ քնելը կարող է հետաձգել երեկոյան բնական հոգնածությունը։






