Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարդիկ, որոնց մոտ 2-րդ տիպի շաքարախտ է զարգանում, կանգնած են ամենամահաբեր քաղցկեղի, այդ թվում՝ լյարդի և ենթաստամոքսային գեղձի ուռուցքների առաջացման վտանգի առաջ, ընդ որում ամենամեծ հավանականությունը նկատվում է կանանց մոտ, գրում է The Guardian-ը:

95․000 մարդու բժշկական քարտերի վերլուծությունը ցույց է տվել, որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացման վտանգը գրեթե երկու անգամ, իսկ լյարդի քաղցկեղինը՝ գրեթե հինգ անգամ ավելի բարձր է այն կանանց մոտ, որոնց վերջերս 2-րդ տիպի շաքարախտ է ախտորոշվել։

Քաղցկեղի զարգացման հավանականությունը մեծացել է նաև տղամարդկանց մոտ։ Պարզվել է, որ առաջին անգամ ախտորոշված ​​2-րդ տիպի շաքարախտը կապված է հաջորդող հինգ տարվա ընթացքում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հիվանդության 74%-ով մեծացման և լյարդի քաղցկեղի զարգացման հավանականության մոտ չորս անգամ  ավելացման հետ:

Ավելի փոքր ազդեցություն է նկատվել աղիքների քաղցկեղի դեպքում, ընդ որում պարզվել է, որ հիվանդության զարգացման հավանականությունը 34%-ով ավելի բարձր է այն կանանց և 27%-ով այն տղամարդկանց մոտ, որոնց մոտ 2-րդ տիպի շաքարախտ է ախտորոշվել՝ համեմատած այդ հիվանդությունը չունեցողների հետ:

Նոր հետազոտության համար Մանչեսթրի գիտնականները ուսումնասիրել են առաջին անգամ  ​​2-րդ տիպի շաքարախտով ախտորոշված 23750 մարդկանց տվյալները և համեմատել այն այդ հիվանդությունը չունեցող ավելի քան 70000 մարդկանց տվյալների հետ:

Հետազոտությունը ցույց է տվել, որ 5 տարի անց ճարպակալման հետ կապված ցանկացած քաղցկեղի զարգացման հավանականությունը 2-րդ տիպի շաքարախտով նոր ախտորոշված ​​տղամարդկանց մոտ 48%-ով ավելի բարձր է եղել, քան այդ հիվանդությունը չունեցողների մոտ: Կանանց շրջանում, որոնց մոտ վերջերս է ախտորոշվել է շաքարային դիաբետ, այդ հավանականությունը 24%-ով ավելի բարձր է եղել: