Նանկինի բժշկական համալսարանի գիտնականները պարզել են, որ աղի պարունակությամբ սննդակարգը մկների մոտ դեպրեսիայի նման ախտանիշներ է առաջացնում: Դա տեղի է ունենում օրգանիզմում բորբոքային IL-17A սպիտակուցի մակարդակի բարձրացման պատճառով: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Immunology (JI) ամսագրում:

Ժամանակակից մարդու սննդակարգում աղի ավելցուկը լուրջ հանրային առողջության խնդիր է համարվում, քանի որ կապված է սիրտ-անոթային, աուտոիմունային եւ նյարդաբանական հիվանդությունների հետ: Պարզելու համար, թե ինչպես է նման դիետան ազդում հոգեկան առողջության վրա, գիտնականները փորձ են անցկացրել մկների վրա։ Առաջին փուլում կրծողներին կերակրել են սովորական սննդով, իսկ հաջորդ հինգ շաբաթվա ընթացքում՝ նատրիումի բարձր պարունակությամբ սննդով:

Աղի դիետան ավարտելուց հետո մկներն ավելի քիչ հետաքրքրություն են ցուցաբերել իրենց միջավայրն ուսումնասիրելու նկատմամբ եւ ավելի պասիվ են եղել տարբեր իրավիճակներում՝ իրենց ցեղակիցների համեմատ, որոնց սննդակարգը մնացել է առողջ: Կենդանիների վարքագծի այս փոփոխությունները նման էին դեպրեսիայի ախտանիշներին: Հետագա հետազոտությունները ցույց են տվել, որ աղի ավելցուկը խթանում է նրանց օրգանիզմում IL-17A սպիտակուցի արտադրությունը:

IL-17A-ն բորբոքային սպիտակուց է, որն արտադրվում է ակտիվացված T-բջիջների կողմից: Նրա գործառույթն է ներգրավել իմունային համակարգի ավելի շատ բջիջներ վնասի աղբյուրում եւ արագացնել հյուսվածքների վերականգնումը: Վնասվածքի բացակայության դեպքում IL-17A-ի բարձր էքսպրեսիան ոչ միայն օգտակար չէ, այլեւ վնասակար է եղել հոգեկան առողջության համար:

Գիտնականները նաեւ պարզել են, որ մոդիֆիկացված մկները, որոնք չեն կարողացել IL-17A արտադրել, զգոն եւ ակտիվ են մնացել նույնիսկ աղի դիետայի դեպքում: Այս սպիտակուցի թիրախավորումը կարող է հիմք հանդիսանալ մարդկանց դեպրեսիայի բուժման նոր մեթոդների համար, նշել են հետազոտողները: