Էդիթ Քոուենի համալսարանի գիտնականները պարզել են, որ օրական ընդամենը հինգ րոպե արտասովոր վարժությունը կարող է զգալի առողջական օգուտներ տալ նստակյաց կյանք վարող մարդկանց: Հետազոտության արդյունքները հրապարակվել են European Journal of Applied Physiology (EJAP) բժշկագիտական հանդեսում:
Հետազոտությանը մասնակցել են նստակյաց աշխատանք ունեցող կամավորներ, որոնք չեն կատարել ուժային մարզումներ:
Փորձի սկզբում փորձարկվողները մի շարք թեստեր են անցել՝ գնահատելու համար նրանց ֆիզիկական պատրաստվածությունն ու հոգեկան առողջությունը:
Այնուհետև նրանց հանձնարարվել է ամենօրյա ռեժիմով կատարել հինգ րոպե տևողությամբ արտասովոր վարժությունների, որը ենթադրում է ծանրաբեռնվածության տակ մկանների ձգում:
Չորս շաբաթվա ընթացքում փորձարկվողները ամեն օր կատարել են տասը ծնկածալում, մեջքի կռացում, պատից հրում և ոտնաթաթի ծայրի վրա բարձրացում: Մասնակիցներին խնդրել են ուշադրություն դարձնել ճիշտ տեխնիկայի վրա՝ մկանների աշխատանքի ավելի լավ վերահսկման համար:
Արդյունքները ցույց են տվել, որ մեկամսյա կարճատև մարզումներից հետո կամավորների օրգանիզմում ճարպի եւ մկանային զանգվածի հարաբերակցությունը չի փոխվել։
Ընդսմին, հետազոտողները նկատել են մկանների ուժի և ճկունության, ինչպես նաև հոգեկան բարեկեցության մակարդակի զգալի բարելավումներ: Բացի դրանից, փորձարկվողներն ավելի դիմացկուն են դարձել, ինչի մասին է վկայում վարժությունները կատարելիս սրտի զարկերի հաճախականության աստիճանական նվազումը:
«Տարիքի հետ մարդու ֆիզիկական պատրաստվածության մակարդակը նվազում է տարեկան միջինը 1-2%-ով: Եթե մարդը նստակյաց կենսակերպ է վարում, 50 տարեկանում նրա մարզվածության և տոկունության մակարդակը 20%-ով ցածր կլինի, քան 30 տարեկան մարդունը»,-պարզաբանել են հետազոտողները:
Գիտնականները հավելել են, որ մարզանքը հատկապես կարևոր է տարեց մարդկանց համար, քանի որ այն նվազեցնում է խրոնիկական հիվանդությունների զարգացման և վնասվածքների վտանգը, ինչպես նաև ամրացնում է ոսկորներն ու հոդերը։






