Ֆիզիկական վարժությունները կարող են նվազեցնել կրծքագեղձի քաղցկեղի կրկնության հաճախակիությունը, պարզել է Էդիթ Քոուենի համալսարանի (ECU) նոր հետազոտությունը:
Հեոտազոտությունը, որը հրապարակվել է JNCI: Journal of the National Cancer Institute ամսագրում, ցույց է տվել, որ չնայած կրծքագեղձի քաղցկեղի բուժման առաջընթացին, կրկնությունը մնում է սովորական եւ շարունակում է մեծացնել մահացության ռիսկը:
Ավելի ագրեսիվ քաղցկեղի դեպքում կրկնության վտանգը կարող է հասնել 20-30 տոկոսի:
«Կրծքագեղձի քաղցկեղի բուժումը, որը կարող է ներառել քիմիաթերապիա, ճառագայթային թերապիա կամ էնդոկրին թերապիա, կարող է մեծացնել բորբոքումն օրգանիզմում: Քրոնիկական բորբոքումը կարող է մեծացնել կրծքագեղձի քաղցկեղի կրկնության վտանգը, քանի որ բորբոքումը կարող է նպաստել քաղցկեղի բջիջների առաջընթացին եւ զարգացմանը»,- նշել են գիտնականները:
Հետազոտությունն ուսումնասիրել է վարժությունների ազդեցությունը կրծքագեղձի ոչ մետաստատիկ քաղցկեղ ունեցող կանանց մոտ եւ պարզել, որ դիմադրողական եւ աերոբիկ վարժությունների համադրությունը կարող է նվազեցնել նախաբորբոքային կենսամարկերների մակարդակը:
«Մեր հետազոտությունը ցույց է տվել, որ բորբոքման երեք մարկերներ էապես կրճատվել են քրոնիկական վարժությունների արդյունքում, ինչը շատ հուսադրող արդյունք է»,- ավելացրել են հետազոտողները:
Թեեւ բորբոքման նվազեցման ճշգրիտ մեխանիզմները դեռ ուսումնասիրվում են, հետազոտության հեղինակ Ֆրանչեսկո Բետարիգան նշել է, որ տեսություններից մեկն այն է, որ ֆիզիկական վարժության արդյունքում օրգանիզմի մկաններն արտազատում են քիմիական նյութ, որը կարող է նվազեցնել բորբոքումը, իսկ մեկ այլ աշխատանքային տեսության համաձայն՝ բորբոքման մարկերների նվազումը կարող է լինել մկանային զանգվածի ավելացման եւ մարմնի զանգվածի փոքրացման արդյունք, քանի որ այս երկու գործոնները կարող են նպաստել բորբոքման մոդուլյացիային։






