Բնական ցիտրուսային յուղի հիմքով պատրաստված նոր բանաձևը կարող է օգնել քաղցկեղով հիվանդներին ազատվել բերանի չորությունից՝ ճառագայթային թերապիայի տարածված և հիվանդագին կողմնակի ազդեցությունից: Այս մասին ասվում է International Journal of Pharmaceutics ամսագրում հրապարակված հոդվածում։

Բանաձևը ստեղծել են Հարավային Ավստրալիայի և Սթենֆորդի համալսարանի հետազոտողները: Այն համատեղում է լիմոնենը՝ ցիտրուսային յուղ, որը պարունակվում է կիտրոնի, լայմի և նարնջի մեջ, և առողջ ճարպերը, որոնք հայտնի են որպես լիպիդներ:

Համակցման դեպքում դրանք դյուրին են դարձնում օրգանիզմի կողմից յուղի յուրացումը և նվազեցնում տարածված կողմնակի ազդեցությունները, ինչպիսիք են բերանի չորությունը և ստամոքսի ցավը: Լաբորատոր փորձարկումների արդյունքում պարզվել է, որ նոր խառնուրդը 180 անգամ ավելի լավ է լուծվում, քան մաքուր լիմոնենը: Վաղ փորձարկումների ժամանակ այն օրգանիզմում կլանումը մեծացրել է ավելի քան 4000%-ով, ասում են գիտնականները:

Բերանի չորությունից կամ քսերոստոմիայից տառապում է գլխի և պարանոցի քաղցկեղի հետևանքով ճառագայթային թերապիա ստացած հիվանդների մինչև 70%-ը: Սա դժվարացնում է խոսելը և կուլ տալը և նվազեցնում է հիվանդի կյանքի որակը:

Վաղուց հայտնի է, որ լիմոնենը նպաստում է թուքի արտազատմանը, սակայն դրա արդյունավետ օգտագործման համար մեծ չափաբաժիններ էին պահանջվում։ Նման չափաբաժինները հաճախ առաջացնում էին կողմնակի բարդություններ, ինչպիսիք են ստամոքսի խանգարումը և «ցիտրուսային զկռտոցը»:

Հարավային Ավստրալիայի համալսարանի Նանոկառուցման և դեղերի առաքման հետազոտական ​​խմբի ղեկավար, հետազոտության գխավոր հեղինակ Քլայվ Պրեստիջը հայտնել է, որ նոր բանաձևը լուծում է այս խնդիրը:

«Լիմոնենի թերապևտիկ առավելությունները լավ հայտնի են: Այն օգտագործվում է ինչպես  հակաբորբոքային, հակաօքսիդանտ և տրամադրությունը բարձրացնող միջոց, այնպես էլ կարող է բարելավել մարսողությունը և աղիքների աշխատանքը: Բայց չնայած լայն կիրառմանը, ցնդելու հատկությունը և վատ լուծելիությունը սահմանափակում են դրա կիրառումը որպես խմելու դեղամիջոց», - նշել է Պրեստիջը:

«Այս նորարարական և բարձր արդյունավետ լիմոնեն-լիպիդային բաղադրությունը կարող է պարզ և արդյունավետ միջոց դառնալ բերանի չորությունից ազատվելու համար՝ երկարաժամկետ թեթևացում և հարմարավետություն ապահովելով քաղցկեղով հիվանդներին, բարելավելով նրանց բերանի խոռոչի առողջությունը և բարձրացնելով կյանքի որակը դժվարին ժամանակահատվածներում», - ավելացրել են գիտնականները: