Թագավորական հիվանդանոցի (Դանիա) սրտաբանության կենտրոնի գիտնականները պարզել են, որ հակադեպրեսանտները բարձրացնում են սրտային հանկարծակի մահվան հավանականությունը։ Ընդ որում՝ հավանականությունը լրացուցիչ բարձրանում է նրանց մոտ, ովքեր ընդունում են այդպիսի հաբեր հինգ տարուց ավելի։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են European Society of Cardiology (ЕSС) կայքում։

Հանկարծակի սրտային մահը (ՀՍՄ) անսպասելի մահվան ելքն է, որն առաջացնում են սրտի հետ կապված խնդիրները։ Այն վրա է հասնում հանկարծակի սուր ախտանշանների հայտնվելուց անմիջապես հետո կամ մի քանի ժամվա ընթացքում։ Մինչեւ 39 տարեկան մարդկանց մոտ պատճառը հաճախ սրտամկանի բարակումն է կամ օրգանի էլեկտրական ակտիվության խնդիրները։ Տարեցների մոտ հանկարծակի սրտային մահն ավելի հաճախ պայմանավորված է արյունատար անոթների նեղացմամբ, որոնք սնուցում են միոկարդը։

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ հոգեկան խանգարումներ ունեցող պացիենտների մոտ բարձր է մահացու ելքի վտանգը բոլոր պատճառներից, ինչպես նաեւ երկու անգամ ավելի է հանկարծակի սրտային մահվան հավանականությունը բոլոր տարիքային խմբերում։ Դանիացի գիտնականները որոշել են պարզել, թե ինչ դեր են խաղում ՀՍՄ-ում հակադեպրեսանտները։

Հետազոտողներն ուսումնասիրել են բոլոր մահացու դեպքերը Դանիայի բնակչության շրջանում 18-90 տարեկանների համար 2010թ.՝ քննելով մահվան մասին բոլոր վկայությունները եւ հաշվետվությունները դիահերձման մասին։ Հատուկ ուշադրություն է դարձվել այն դեղամիջոցներին, որոնք նշանակվել են մահացածներին։

Արդյունքները ցույց են տվել, որ նրանց մոտ, ովքեր հակադեպրեսանտներ են ընդունել 1-5 տարի,  հանկարծակի սրտային մահվան վտանգը 56 տոկոսով ավելի բարձր է եղել ընդհանուր պոպուլյացիայի համեմատ։ Այդ դեղերի ավելի երկարատեւ ընդունումը (մինչեւ հինգ տարի) բարձրացրել է հավանականությունը 2,2 անգամ։

Գիտնականները նշել են, որ վտանգն ավելացել է բոլոր տարիքային խմբերում (բացի 18-29 տարեկանները)։ Այնուամենայնիվ, ամենախոցելին 30-39 տարեկան մարդիկ էին։ Այս ենթախմբում հակադեպրեսանտների կարճաժամկետ (մինչեւ հինգ տարի) ընդունումը հանկարծակի սրտային մահվան վտանգն ավելացրել է երեք անգամ, երկարաժամկետ ընդունումը՝ հինգ անգամ։