Չինաստանի Սուն Յատսենի համալսարանի գիտնականները պարզել են, որ նյութափոխանակության GPT1 ֆերմենտի մակարդակի նվազումը հրահրում և արագացնում է կոլոռեկտալ քաղցկեղի զարգացումը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Translational Medicine (STM) բժշկագիտական  հանդեսում:

Գիտնականների տվյալներով՝ կոլոռեկտալ քաղցկեղն աշխարհում երրորդ ամենատարածված քաղցկեղն է։ Այս հիվանդությունն ամենից հաճախ ազդում է տարեցների վրա, սակայն վերջին տասնամյակներում այն ​​սկսել է «երիտասարդանալ»։

Կոլոռեկտալ քաղցկեղի հայտնի ռիսկի գործոններից են աղիների բորբոքային հիվանդությունները, վատ սննդակարգը, վնասակար սովորությունները, ցածր ֆիզիկական ակտիվությունը և ճարպակալումը: Սակայն նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ֆերմենտների անհավասարակշռությունը կարող է լինել հիվանդության զարգացման թաքնված գործոն:

Ֆերմենտները օրգանզիմի տարբեր կենսաքիմիական գործընթացներում կարևոր դեր խաղացող սպիտակուցային նյութեր են: Այս նյութերից մեկի՝ GPT1-ի (գլուտամատ-պիրուվատ տրանսամինազ 1) մակարդակի նվազումը բնորոշ է կոլոռեկտալ քաղցկեղին։

Հիվանդությունների պաթոգենեզում GPT1-ի դերն ավելի լավ ըմբռնելու համար թիմն ուսումնասիրել է կոլոռեկտալ քաղցկեղով հիվանդ բուժառուների նորմալ և ուռուցքային հաստ աղիքի հյուսվածքները, ինչպես նաև նրանց ադենոմաները (բարորակ ուռուցքներ): Արդյունքները ցույց են տվել, որ GPT1-ի անբավարարությունը փոխկապակցված է վատթարացող կլինիկական արդյունքների հետ: Պարզվել է նաև, որ այս ֆերմենտի պակասը արագացնում է ինվազիվ կոլոռեկտալ ուռուցքների զարգացումը։

Հետազոտողների կարծիքով, GPT1-ը սովորաբար ճնշում է ադենոմայից ուռուցքի առաջացումը՝ արտադրելով α-կետօղլուտարատ կոչվող նյութափոխանակության մոլեկուլ: Այն արգելակում է WNT ազդանշանային ուղին՝ միջամտելով չարորակ ուռուցքների զարգացմանը:

Հետազոտությունը ցույց է տվել նաև, որ պոլիումոզիդ կոչվող միացությունը կարող է ճնշել ուռուցքի աճը՝ ակտիվացնելով GPT1-ը: Գիտնականների կարծիքով՝ այս հայտնագործությունը աղիների քաղցկեղի բուժման նոր եղանակների համար կարող է հիմք ծառայել։