Օտտավայի համալսարանի կանադացի գիտնականները պարզել են, որ սառը լոգանքների մեկշաբաթյա կուրսն ակտիվացնում է ավտոֆագիայի գործընթացը՝ բջջային ինքնամաքրման բնական մեխանիզմը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Advanced Biology բժշկագիտական հանդեսում։
Գիտափորձին մասնակցել են տասը առողջ տղամարդիկ, որոնք օրական մեկ ժամ անցկացրել են 14°C ջերմաստիճանի ջրի մեջ: Արյան հետազոտությունը ցույց է տվել, որ արդեն չորրորդ օրը հետազոտվողների օրգանիզմում p62 սպիտակուցի մակարդակը նվազել է, որը կուտակվում է աուտոֆագիայի խաթրաման դեպքում: Յոթերորդ օրը այս ցուցանիշը շարունակել է նվազել՝ վկայելով բջիջների արագացված «երիտասարդացման» մասին։
Ավտոֆագիան բջջային «թափոնների» վերամշակման և հեռացման յուրօրինակ գործընթաց է: Բջիջները ոչնչացնում են վնասված սպիտակուցներն ու օրգանոիդները՝ դրանք վերածելով նոր կառույցների շինանյութի։ Այս մեխանիզմն օգնում է պահպանել բջջային առողջությունը և պաշտպանում է օրգանիզմը տարիքային փոփոխություններից, խրոնիկական հիվանդություններից և բորբոքումներից:
Գիտնականները միաժամանակ արձանագրել են կասպազ-3 ֆերմենտի ակտիվության աճ, որն առնչվում է ապոպտոզի՝ վերահսկվող բջիջների մահվան հետ: Դա վկայում է, որ օրգանիզմը ոչ միայն մաքրվել է վնասված բաղադրիչներից, այլև ձերբազատվել է անպետք բջիջներից։
Հետազոտողների կարծիքով՝ ցրտին պարբերաբար ենթարկվելը կարող է մեծացնել բջիջների դիմադրողականությունը սթրեսի նկատմամբ՝ օգնելով մասամբ հետաձգել տարիքային փոփոխությունները և թեթևացնել մի շարք խրոնիկական հիվանդությունների ախտանիշները: Սակայն գիտնականներն ընդգծում են, որ այս բացահայտումները հաստատելու համար անհրաժեշտ են հետագա հետազոտություններ, որոնցում ավելի մեծ թվով կամավորներ, ներառյալ՝ կանայք ներգրավված կլինեն:






