Նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ հակաբիոտիկներ ստացած նորածինների մոտ նվազում են իմունային պատասխանները պատվաստումներին ավելի մեծ տարիքում, հավանաբար աղիքների միկրոբիոմի փոփոխությունների պատճառով:

Ավստրալիայի գիտնականների ուսումնասիրությունը, որն անցկացվել է 191 առողջ երեխաների ծննդյան պահից, ցույց է տվել, որ այն նորածինների մոտ, որոնք առաջին մի քանի շաբաթներին հակաբիոտիկներ են ստացել, 7 և 15 ամսական հասակում մի քանի պատվաստանյութերի հակամարմինների մակարդակը զգալիորեն ցածր է եղել:

Հետազոտված մանուկներից 111-ը նորածնային շրջանում ենթարկվել են հակաբիոտիկների ազդեցությանը․ կամ ուղղակի՝ բուժման արդյունքում (32 նորածին), կամ անուղղակի՝ մայրերի միջոցով, որոնք հակաբիոտիկներ են ընդունել ծննդաբերության ընթացքում (49) կամ երեխայի ծնվելուց հետո առաջին վեց շաբաթվա ընթացքում (30):

Հետազոտությունը, որը հրապարակվել է Nature ամսագրում, գնահատել է նորածինների միկրոբիոմը վեց շաբաթական հասակում նրանց առաջին սովորական պատվաստումների ժամանակ:

Պարզվել է, որ այն նորածինները, որոնք հակաբիոտիկ են ստացել անմիջականորեն ծննդյան պահին, ավելի քիչ աղիքային օգտակար բակտերիաներ են ունեցել, որոնք հայտնի են որպես բիֆիդոբակտերիաներ:

Բիֆիդոբակտերիաների քանակի նվազումը կապված է եղել պնևմակոկային պատվաստանյութի բազմաթիվ բաղադրիչների, ինչպես նաև Haemophilus influenzae b տիպի նկատմամբ հակամարմինների մակարդակի նվազման հետ, ինչպես յոթ, այնպես էլ 15 ամսից հետո: