Թռչնագրիպը արագորեն ձևափոխվում է և կարող է ավելի վտանգավոր դառնալ մարդկանց համար, վկայում է Շառլոտում Հյուսիսային Կարոլինայի համալսարանի նոր հետազոտությունը:

Գիտնականների խումբը հայտնաբերել է, որ H5N1 վիրուսը, որը հայտնի է նաև թռչնագրիպ անունով, գնալով ավելի է հմտանում կաթնասուններին վարակելու գործում: Ըստ ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC), դա վերաբերում  է նաև կովերին և, ներկա դրությամբ, առնվազն 64 մարդու: Քանի որ վիրուսը շարունակում է ձևափոխվել, փորձագետները մտավախություն ունեն, որ այն կարող է ավելի հեշտ փոխանցվել մարդկանց:

«H5N1-ի դեմ պատվաստանյութը, որը պատրաստված է ավելի վաղ շտամի համար պակաս արդյունավետ կլինի», - ասում է հետազոտության առաջատար հեղինակ Կոլբի Ֆորդը: Հետազոտության համահեղինակ Դեն Ջեյնիսը նշել է, որ տվյալների մեծ ծավալները կարող են արագ վերլուծվել արհեստական ​​բանականության միջոցով, որպեսզի «գնահատվի մեր պատրաստվածությունը խոշոր մարտահրավերներին, ինչպիսին է H5N1-ը, որն արագորեն տարածվում է նոր տերերի և տարածաշրջանների, ներառյալ ամերիկյան անասունների և ֆերմաների աշխատողների վրա»:

Գիտնականները պարզել են, որ վիրուսի նոր շտամներն ավելի լավ են կարողանում հաղթահարել իմունային համակարգը, ինչը կարող է թուլացնել պաշտպանությունը նախորդ վարակների  կամ պատվաստումների պատճառով:

Կենդանիների շրջանում թռչնագրիպն արդեն համարվում է համավարակ։ Այն ախտահարել է հարյուրավոր տեսակի թռչունների և մանր կաթնասունների։ Այժմ այն ​​հայտնաբերվում է ավելի խոշոր կաթնասունների մոտ, ինչպիսիք են խոշոր եղջերավոր անասունները:

Ըստ գիտնականների, այս տեղաշարժը մեծացնում է մարդկանց վրա վիրուսի տարածման հավանականությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են EBioMedicine ամսագրում:

Մեկ այլ հոդվածում, որը դեռ գրաքննության փուլում է, ցույց է տրվում, որ վիրուսի առանցքային գենը փոխվել է: Այդ գենն օգնում է վիրուսին ներթափանցել կաթնասունների բջիջները և շրջանցել իմունային պաշտպանությունը: Արագությունն է կարևոր գործոնը արագ փոփոխվող վիրուսների ուսումնասիրման դեպքում: