Քիթը կարող է խցանվել ծածուկ ալերգիայի եւ թթվային ռեֆլյուքսի ժամանակ։ Այս մասին Daily Mail պարբերականին պատմել է բրիտանացի թերապեւտ Էլի Քենոնը։

Բժիշկը նշել է, որ որոշ մարդիկ կարող են քթի խցանվածություն զգալ սնունդ ընդունելուց հետո։ Դա կարող է տեղի ունենալ երկու պատճառով։ Հարբուխը, փռշտոցը եւ ռունգերում գրգռվածության զգացողությունը կարող են առաջանալ ալերգեններ պարունակող որոշակի մթերքների օգտագործման հետեւանքով։ Սակայն երբեմն ալերգիկ ռինիտը (քթի խոռոչի լորձաթաղանթի բորբոքում) դրսեւորվում է թեթեւ ձեւով, ինչը զգալիորեն չի վատացնում կյանքի որակը, բայց անհարմարություն է պատճառում։

Հարբուխի վտանգի մեկ այլ գործոն է այրոցը կամ թթվային ռեֆլյուքսը, երբ ստամոքսի պարունակությունն ակամա հայտնվում է կերակրափողում։ Որոշ դեպքերում թթուն կարող է էլ ավելի «բարձրանալ»՝ հասնելով կոկորդին եւ ըմպանին։ Սովորաբար դա տեղի է ունենում ուտելուց հետո եւ առաջ է բերում լորձի ավելորդ արտադրություն։

Դոկտոր Քենոնն ավելացրել է, որ երբեմն խցանումն առաջանում է միայն մի ռունգում։ Նման պաթոլոգիայի ստույգ պատճառները պարզ չեն, սակայն «միակողմանի» հարբուխը կարող է լինել պոլիպների աճի հետեւանք, գոյացություններ, որոնք առաջանում են լորձաթաղանթների մակերեսին։