Օրեգոնի առողջապահության եւ գիտության Համալսարանի գիտնականները պարզել են, որ ալֆա-սինուկլեին կոչվող փոքր սպիտակուցը, որը հայտնի է Պարկինսոնի հիվանդության զարգացման գործում ունեցած իր դերով, կարող է նաեւ հրահրել մելանոմայի՝ մաշկի քաղցկեղի լուրջ ձեւի առաջացումը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Advances (SciAdv) ամսագրում:

Ալֆա-սինուկլեինը հայտնի է նեյրոնային ԴՆԹ կրկնակի շղթաների կտրվածքները վերականգնելու ունակությամբ, ինչը սովորաբար օգնում է ուղեղի բջիջներին գոյատեւել: Սակայն Պարկինսոնի հիվանդության եւ դեմենցիայի դեպքում այս սպիտակուցը սկսում է սխալ գործել: Այն թողնում է բջջի միջուկը եւ ձեւավորում թունավոր կուտակումներ, որոնք կոչվում են Լեւի-մարմիններ, ինչը հանգեցնում է նեյրոնների ոչնչացմանը:

Մելանոմայի դեպքում ալֆա-սինուկլեինն այլ կերպ է գործում։ Մկների եւ մարդու հյուսվածքների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ մաշկի բջիջներում այս սպիտակուցը մնում է միջուկի ներսում եւ չափազանց ակտիվ է: Այն արդյունավետ կերպով վերականգնում է վնասված ԴՆԹ-ն՝ կանխելով բջիջների ժամանակին ոչնչացումը։ Սա նպաստում է դրանց անվերահսկելի տարածմանը, որը քաղցկեղի զարգացման հիմնական մեխանիզմն է:

«Մաշկի բջիջները կանոնավոր կերպով թարմացվում են, եւ կարեւոր է, որ վնասված բջիջները մահանան: Խնդիրը սկսվում է այն ժամանակ, երբ դրանք չեն վերականգնվում»,- բացատրել են հետազոտողները:

Լրացուցիչ վերլուծությունը ցույց է տվել, որ մելանոմայի բջիջներում ալֆա-սինուկլեինը ակտիվորեն փոխազդում է մեկ այլ սպիտակուցի՝ 53BP1-ի հետ, որը նույնպես մասնակցում է ԴՆԹ վերականգնմանը: Արդյունքում՝ սկսվում է չարորակ ուռուցքներին բնորոշ պաթոլոգիական վերարտադրության գործընթաց։

Հետազոտողները կարծում են, որ ստացված տվյալները կարող են հիմք հանդիսանալ բուժման նոր մեթոդների մշակման համար։ Մասնավորապես, նրանք ուսումնասիրում են ալֆա-սինուկլեինի մակարդակը նվազեցնելու կամ մելանոմայի ակտիվությունը մոդուլացնելու հնարավորությունը, ինչպես նաեւ դիտարկում են 53BP1 սպիտակուցը որպես Պարկինսոնի հիվանդության թերապիայի պոտենցիալ թիրախ: