«Վատ» խոլեստերինի մակարդակի իջեցումը կարող է զգալիորեն կրճատել դեմենցիայի առաջացման վտանգը։ Այս մասին վկայում է նոր հետազոտությունը։
Անցած տարի դեմենցիայի խնդրով զբաղվող փորձագետների միջազգային խումբը հայտնել է, որ ցածր խտության լիպոպրոտեինների (ՑԽԼՊ) խոլեստերինի բարձր մակարդակը, որը սովորաբար անվանում են «վատ» խոլեստերին, դեմենցիայի առաջացման գործոն է, գրել է Euronews-ը։
Սակայն նոր հետազոտությունը, որին մասնակցել է մոտ 109 հազար մարդ, ավելի հստակ պատկերացում է տալիս այն մասին, թե որքան ուժեղ է այդ կապը։
Հետազոտության արդյունքների համաձայն, որը երեքշաբթի հրապարակվել է Journal of Neurology Neurosurgery & Psychiatry ամսագրում, ՑԽԼՊ խոլեստերինի ավելի ցածր մակարդակ ունեցող մարդկանց մոտ դեմենցիայի առաջացման վտանգը 26 տոկոսով ավելի ցածր է եղել, իսկ Ալցհեյմերի հիվանդության դեպքում ցածր է եղել 28 տոկոսով։
Ստատինների ընդունումը, որոնք օգնում են նվազեցնել խոլեստերինի մակարդակը եւ նվազեցնել ինֆարկտի եւ ինսուլտի վտանգը, ապահովում է լրացուցիչ պաշտպանական ազդեցություն, նշվել է հետազոտությունում։
ՑԽԼՊ խոլեստերինի ցածր մակարդակ ունեցող մարդկանց մոտ, ովքեր ստատիններ են ընդունում, դեմենցիայի առաջացման վտանգը 13 տոկոսով ավելի ցածր է եղել նրանց համեմատ, ովքեր դրանք չեն ընդունել։
Գոյություն ունի խոլեստերինի երկու տեսակ՝ ՑԽԼՊ-խոլեստերինը նպաստում է ճարպային նստվածքների գոյացմանը զարկերակներում՝ բարձրացնելով սրտի հետ կապված խնդիրների առաջացման վտանգը։ Միեւնույն ժամանակ, բարձր խտության լիպոպրոտեինը (ԲԽԼՊ), որը հաճախ անվանում են «լավ» խոլեստերին, մաքրում է զարկերակները ՑԽԼՊ խոլեստերինից եւ այն վերադարձնում լյարդ, որտեղ նա կարող է քայքայվել։
Հետազոտությունում դեմենցիայի առաջացման վտանգի նվազեցումն առավել նկատելի է եղել 70 մգ/դլ-ից պակաս ՑԽԼՊ խոլեստերինի մակարդակ ունեցող մարդկանց համար։ 30 մգ/դլ-ից պակաս խոլեստերին ունեցողների մոտ այդ վտանգը չի նկատվել։
Հարավային Կորեայի մի շարք համալսարանների հետազոտողների կարծիքով՝ ստացված արդյունքները վկայում են այն մասին, որ խոլեստերինի կարրգավորման հարցում մարդկանց օգնելը կարող է դեմենցիայի դանդաղեցման կամ կանխման արդյունավետ միջոց լինել։
«Ստացված արդյունքներն ապացուցում են, որ հետազոտողները պետք է հաշվի առնեն ՑԽԼՊ խոլեստերինի մակարդակը դասական մոտեցումների հետ մեկտեղ»,- ասել է դոկտոր Ֆրանչեսկո Տամանյինին (նեյրոֆիզիոլոգ Ռեդինգի (Մեծ Բրիտանիա) համալսարանից, որը չի մասնակցել հետազոտությանը)։
Փորձագետների գնահատմամբ՝ դեմենցիայով տառապում է 57 մլն մարդ ողջ աշխարհում, եւ ակնկալվում է, որ մինչեւ 2050թ. նրանց թիվը կեռապատկվի։ Սակայն փորձագետները կարծում են, որ դեմենցիայի դեպքերի մոտ կեսը կարելի է հետաձգել կամ առհասարակ կանխել։
Այսօրվա դրությամբ դեմենցիան հետազոտողների մեծ մասը կենտրոնացած է անոմալ բետա-ամիլոիդային բշտերի վրա, որոնք ուղեղում սպիտակուցի կուտակումներ են եւ բնորոշ են Ալցհեյմերի հիվանդությանը՝ դեմենցիայի առավել տարածված ձեւին։
«Ալցհեյմերի հիվանդության պատմության մեջ ակնհայտորեն շատ ավելին կա, քան մենք կարծում էինք»,- ասել է Տամանյինին։
Առայժմ չափազանց վաղ է խոսել այն մասին, որ ՑԽԼՊ խոլեստերինն իսկապես դեմենցիա է առաջացնում։ «Դեմենցիայի վտանգը բարդ պրոցես է, որի վրա ազդում են բազմաթիվ գործոններ»,- նշվել է դոկտոր Ջուլիա Դադլիի, որը ղեկավարել է հետազոտությունը Alzheimer's Research UK-ում, հայտարարությունում։
«Առանց հանգամանալից պատկերն ունենալու, թե ինչ է կատարվում ուղեղում, մենք չգիտենք, թե արդյոք գոյություն ունի ուղիղ կապ խոլեստերինի մակարդակի նվազման եւ դեմենցիայի վտանգի փոքրացման միջեւ»,- ավելացրել է նա։
Հետազոտողների հաջորդ քայլը լինելու են կլինիկական փորձարկումները, որոնց ընթացքում կստուգվի, թե արդյոք կարող են ստատինները, որոնք իջեցնում են ՑԽԼՊ խոլեստերինի մակարդակը, օգնել դանդաղեցնել խորացող հիվանդությունը։
«Իսկ առայժմ սրտի առողջության պահպանումը մնում է ուղեղի առողջության պաշտպանության ամենաարդյունավետ միջոցներից մեկը»,- ասել է Դադլին։






