Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները ստեղծել են յուրահատուկ իմունային բջիջներ, որոնք կարող են օրեր շարունակ հարձակվել քաղցկեղի ուռուցքների վրա: Նրանք իրենց արդյունքների մասին տեղեկացրել են Cell ամսագրում:

Մեթոդի հիմքը CAR-T թերապիան է, որի ժամանակ պացիենտից վերցվում են T-լիմֆոցիտները, փոփոխվում եւ վերադարձվում՝ նրանց տալով քաղցկեղի բջիջները գտնելու եւ ոչնչացնելու ուժեղացված կարողություն, գրել է Planet Today-ը։ Սակայն ստանդարտ ձեւափոխված T-բջիջներն ակտիվ են միայն 24 ժամ, որից հետո կորցնում են իրենց արդյունավետությունը:

Այս խնդիրը լուծելու համար գիտնականները նոր միջոց են մշակել օրգանիզմի ներսում իմունային բջիջներն ակտիվացնելու համար։ Տուժած տարածք մտնելուց հետո դրանք ակտիվանում են ուլտրաձայնային իմպուլսների միջոցով: Ընդամենը 10 րոպե ազդեցությունը բավական է T-լիմֆոցիտներընառնվազն հինգ օր ակտիվ պահելու համար: Այս մոտեցումը թույլ է տալիս զգալիորեն մեծացնել ուռուցքը գրոհելու տեւողությունը՝ առանց բջիջների կրկնակի ներմուծման անհրաժեշտության:

Նոր բջիջները, որոնք ստացել են EchoBack-CAR անվանումը, ոչ միայն ավելի ակտիվ են, այլեւ ավելի անվտանգ: Նրանք ոչնչացնում են միայն ուռուցքային բջիջները, իսկ տուժած տարածքը թողնելուց հետո կորցնում են իրենց ագրեսիվ հատկությունները, ինչը նվազեցնում է առողջ հյուսվածքի վնասման վտանգը։

Բջիջներն ի վիճակի են արձագանքել ուռուցքային ազդանշաններին՝ ազատելով լրացուցիչ մոլեկուլներ քաղցկեղի բջիջները ոչնչացնելու համար, նշել է հետազոտության առաջատար հեղինակ, Վիտերբիի ճարտարագիտական ​​դպրոցի դոցենտ Լոնգվեյ Լյուն: Այս մեխանիզմը թերապիան դարձնում է ավելի ճշգրիտ եւ վերահսկելի՝ բացելով քաղցկեղի դեմ պայքարի նոր հնարավորություններ։