Նորածինները եւ փոքրիկ երեխաները քնած ժամանակ կարող են ներքնակներից շնչել պլաստիֆիկատորներ՝ ֆտալատներ եւ այլ վնասակար քիմիական նյութեր, նշվել է Տորոնտոյի համալսարանի երկու ուսումնասիրություններում, որոնք հրապարակվել են  Environmental Science & Technology եւ Environmental Science & Technology Letters ամսագրերում:

Այդ քիմիական նյութերը կապված են նյարդաբանական եւ վերարտադրողական խնդիրների, ասթմայի, հորմոնալ ֆոնի խախտման եւ քաղցկեղի հետ:

Առաջին հետազոտության ընթացքում գիտնականները 6 ամսականից մինչեւ 4 տարեկան երեխաների 25 ննջասենյակներում չափել են քիմիական նյութերի մակարդակը: Նրանք ննջասենյակների օդում հայտնաբերել են ավելի քան երկու տասնյակ ֆտալատներ, բոցավառվող նյութեր եւ ուլտրամանուշակագույն ֆիլտրեր, որոնցից ամենաբարձր մակարդակը հայտնաբերվել է մահճակալների շուրջ:

Ուղեկցող հետազոտության ընթացքում հետազոտողները փորձարկել են վերջերս գնված 16 մանկական ներքնակներ եւ հաստատել, որ դրանք, հավանաբար, այդ քիմիական նյութերի հիմնական աղբյուրն են երեխաների քնի միջավայրում: Երբ հետազոտողները նմանակել են երեխայի մարմնի ջերմաստիճանը եւ քաշը ներքնակների վրա, քիմիական արտանետումները զգալիորեն ավելացել են մի քանի անգամ: Ներքնակները ձեռք են բերվել Կանադայում, սակայն դրանց մեծ մասը այլ երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում եւ Մեքսիկայում պատրաստված նյութեր են պարունակել:

«Քունը կենսական նշանակություն ունի ուղեղի զարգացման համար, հատկապես նորածինների եւ փոքր երեխաների մոտ: Սակայն մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ շատ ներքնակներ պարունակում են քիմիական նյութեր, որոնք կարող են վնասել երեխաների ուղեղին»,- նշել է հետազոտության ավագ հեղինակ, Տորոնտոյի համալսարանի պրոֆեսոր Միրիամ Դայմոնդը:

«Սա տագնապալի ազդանշան է արտադրողների եւ քաղաքական գործիչների համար, ովքեր պետք է ապահովեն մեր երեխաների մահճակալների անվտանգությունը եւ նպաստեն ուղեղի առողջ զարգացմանը»,- նշել է նա: