Սառը, հատկապես սառցե ոտքերի նկատմամբ բարձր զգայունությունն ու ոտքերում ծանրության զգացումը առնչվում են երակների վարիկոզի առկայության հետ, ասված է Open Heart բժշկագիտական հանդեսում հրապարակված խոշոր հետազոտության մեջ:
Հետազոտության համար գիտնականները հավաքել են տվյալներ 2008 թվականի հունվարից մինչև 2020 թվականի դեկտեմբերը ներառյալ՝ Թայվանի կենսաբանկից՝ երկրի ամենամեծ գենետիկական և բնակչության տվյալների բազայից: Վերլուծության մեջ ընդգրկվել են 30-70 տարեկան 8782 մասնակից՝ միջինից մինչև ծանր երակների վարիկոզ լայնացումով: Նրանք հարցում են անցել ոտքերի ցրտի նկատմամբ իրենց բարձր զգայունության և ոտքերի ծանրության աստիճանի մասին:
Ընդհանուր առմամբ 676 մասնակից հայտնել է միջին և ծանր երակների վարիկոզ լայնացման մասին: Ընդհանուր մասնակիցներից 5888-ը նշել են, որ չեն ունեցել ցրտի նկատմամբ զգայունության բարձրացում, ընդ որում նրանցից վարիկոզից տառապում է ընդամենը 6%-ը (340 մարդ):
Մնացած 1535 մասնակիցները հայտարարել են, որ ցրտի նկատմամբ չափավոր բարձր զգայունություն ունեն, որոնցից 9%-ից փոքր-ինչ ավելին (144) ուներ վարիկոզ; և 1359-ը նշել են, որ բարձրացել է ցրտի նկատմամբ զգայունությունը, իսկ նրանցից 14%-ից փոքր-ինչ ավելին (192) տառապում էր երակների վարիկոզ լայնացումից: Վիճակագրական վերլուծությունը ցույց է տվել, որ չափավոր և ծանր ցրտին գերզգայունությունը գերզգայունություն չունեցողների համեմատ կապված է երակների վարիկոզի զարգացման 49-89%-ով բարձր ռիսկի հետ:
Նմանապես, երակների վարիկոզ լայնացումից տառապող մարդիկ չորս անգամ ավելի շատ ոտքերի ծանրություն ունեին, քան նրանք, ովքեր զերծ են այդ հիվանդությունից: Պարզվել է, որ մասնագիտական աշխատանքի տեսակը ևս նշանակալի գործոն էր. երկարատև կանգնելուն առնչվող աշխատանքը 45%-ով մեծացնում էր երակների վարիկոզի զարգացման հավանականությունը:






